Ուկրաինայում հեռակա կարգով դատում են նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին

Վիկտոր Յանուկովիչ, արխիվ

Այսօր Կիևում մեկնարկել է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի գործով դատավարությունը: Նրա դեմ մեղադրանքներ են հարուցվել պետական դավաճանության հոդվածներով: Դատավարությունն ընթանում է Ուկրաինայի նախկին նախագահի բացակայությամբ: Նա Ռուսաստանում է, վերջինիս դատում են հեռակա կարգով: Կիևի Օբոլոնի շրջանի դատարանում Յանուկովիչի շահերը պաշտպանում են երկու փաստաբաններ:

Մարտի 14-ին Ուկրաինայի զինվորական դատախազությունը դատարան էր ներկայացրել մեղադրական եզրակացությունը: Առանցքային փաստաթղթերից մեկը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Յանուկովիչի հղած նամակի ֆոտոպատճենն է: Երեք տարի առաջ Պուտինին ուղարկած այդ նամակով Յանուկովիչը խնդրել էր ռուսական զորք մտցնել Ուկրաինա:

Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստան է փախել 2014-ի փետրվարին: Նրա իշխանության դեմ զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին այն բանից հետո, երբ նա հրաժարվեց ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, գերադասելով ավելի սերտ կապեր ունենալ Մոսկվայի հետ: Բողոքի ցույցերը ցրելու համար ոստիկանների գործադրած բռնությունների հետևանքով տասնյակ մարդիկ սպանվեցին: Ռուսաստան հեռացած Յանուկովիչն այժմ մեղադրվում է պետական դավաճանության, Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտելու, Ռուսաստանի կողմից ագրեսիա դրդելու, նաև այդ ագրեսիայի մեջ մեղսակցություն ունենալու մեջ:

Այս տարվա մարտին Կիևում սպանվեց Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը: Նա Յանուկովիչի պետական դավաճանության գործի գլխավոր վկաներից մեկն էր: Կրեմլին խստորեն քննադատող Վորոնենկովը Յանուկովիչի երկու նամակների մասին ցուցմունք էր տվել Ուկրաինայի գլխավոր դատախազությանը: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել էր, թե Վորոնենկովի սպանությունը «Ռուսաստանի իրականացրած պետական ահաբեկչական գործողություն է»: Գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն էլ ասել էր՝ Վորոնենկովի սպանությունը «վկայի ցուցադրական մահապատիժ է»: Ուկրաինայի իշխանությունների պնդմամբ, Վորոնենկովի սպանությունը ռուսական հատուկ ծառայությունների գործն է:

2014 թվականին Ուկրաինայում Յանուկովիչի իշխանության տապալումից հետո Ռուսաստանը նախ իր վերահսկողությունը հաստատեց Ղրիմի թերակղզում, այնուհետև բռնազավթեց այն: Մոսկվան աջակցություն է ցուցաբերում նաև Ուկրաինայի արևելյան և հարավային շրջանների ռուսամետ անջատականներին: Կիևը և ՆԱՏՕ-ն պնդում են, որ Ռուսաստանը նրանց ռազմական նշանակալից օգնություն է տրամադրում, ինչը Մոսկվան հերքում է: 2014-ի ապրիլից անջատականների և Ուկրաինայի կառավարական զորքերի միջև երկրի արևելքում բռնկված հակամարտության հետևանքով արդեն գրեթե 10 հազար մարդ է զոհվել:

Յանուկովիչի գործով այսօր սկսված դատական նիստում մեղադրող կողմի՝ պետդատախազի և Վիկտոր Յանուկովիչի փաստաբանների միջև ծագած բանավեճից հետո դատավոր Վլադիսլավ Դևյատկոն որոշեց, որ Յանուկովիչին պետք է հնարավորություն տրվի՝ դատավարությանը մասնակցել տեսակամրջի միջոցով: Այդ որոշումն ընդունելուց հետո դատավորը նիստը հետաձգեց մինչև մայիսի 18-ը: Երեկ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ «Ինտերպոլ»-ը դադարեցրել է Յանուկովիչի հետախուզումը: Դատախազությունը նաև հայտարարել է, թե մտադիր է բողոքարկել ոստիկանական միջազգային կառույցի այդ որոշումը:

Եթե Յանուկովիչը դատարանի կողմից մեղավոր ճանաչվի, նրան 15 տարվա ազատազրկում է սպառնում: Ուկրաինայի նախկին նախագահին, սակայն, պաշտպանում է Ռուսաստանը, և նման դատավճռի պարագայում՝ դժվար վերջինս վերադառնա Ուկրաինա՝ պատիժը կրելու: