Ծառուկյանի խոսնակ․ Թեկնածուներն են գրել և ստորագրել մանդատից հրաժարվելու դիմումները

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետ Տոնոյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումները գրել և ստորագրել են «Ծառուկյան դաշինքի» թեկնածուները՝ ընտրություններից առաջ: Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումները տարել է դաշինքի ներկայացուցիչ Ռուբիկ Մանուկյանը:

Տոնոյանը չթաքցրեց, որ դիմումները գրվել են ընտրություններից առաջ․ - «Նախընտրական շրջանում բոլոր թեկնածուների հետ եղել են քաղաքական պայմանավորվածություններ՝ ցուցակում ընդգրկվելու, ընտրություններին մասնակցելու պայմանների հետ կապված: Դրանք հիմնականում վերաբերել են, բնականաբար, թե թեկնածուներից ով որքան ձայն կարող է ապահովել դաշինքի համար, կամ ով ընտրողների ինչ քանակի վստահություն է վայելում: Սակայն ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ այդ թեկնածուները անգամ իրենց նշած և բարձրաձայնած ձայների կեսը չունեն: Բնականաբար դա պետք է համապատասխան գնահատականի արժանանար․․․ Խոսքը ոչ թե կոնկրետ հաղթել կամ չհաղթելուն է վերաբերում, այլ կոնկրետ վստահության քվեների ծավալին և քանակին: Ու հիմա փորձել զոհի կարգավիճակով հանդես գալ, կարծում եմ, ազնիվ չէ»:

Հարցին, թե արդյոք դիմումները ԿԸՀ տանելուց առաջ թեկնածուների հետ այդ հարցը քննարկվել է, Տոնոյանն արձագանքեց․ - «Ես այդ մասին չունեմ կոնկրետ տեղեկատվություն: Բայց, քանի որ կրկնեցի, որ եղել է նախնական քաղաքական պայմանավորվածություն կոնկրետ անձերի հետ, ապա կարծում եմ, որ այս գործընթացը տեղավորվում է հենց այդ պայմանավորվածության տրամաբանության մեջ»:

Իսկ հարցին, թե արդյոք մանդատից հրաժարվելու դիմումների հետ վերցնելը պարզապես պատգամավորների դժգոհության արտահայտությունն է, թե ինքը որևէ այլ ձեռագիր է տեսնում այդտեղ, Գագիկ Ծառուկյանի խոսնակը պատասխանեց․ - «Ես որևէ գնահատական այդ մասով չեմ կարող հնչեցնել, որովհետև չեմ տիրապետում ամբողջական ինֆորմացիայի»:

Նա նաև նկատեց, թե դժգոհող թեկնածուներից որևէ մեկը չի դիմել իրավապահներին՝ պարզելու իրականությունը: Տոնոյանը սա պատահական չի համարում․ - «Եթե այդ հարցով զբաղվեն իրավապահ մարմինները, ապա միանշանակ սուտ մատնության մեղադրանք նրանց կարող է առաջադրվել, քանզի ձեռագրաբանական մեկ ուսումնասիրությունն էլ, կարծում եմ, բավարար կլինի, որպեսզի վերջ տրվի այս խոսակցություններին: Այնպես որ, դա կա՛մ պրիմիտիվ սուտ է, կա՛մ հիշողության կարճաժամկետ կորուստ»:

Գլխավոր դատախազությունը չի զբաղվում «Ծառուկյան դաշինքի» թեկնածուների այն հայտարարություններով, թե ԿԸՀ ներկայացված մանդատից հրաժարվելու դիմումներն իրենք չեն գրել:

Դատախազության հանրային կապերի բաժնից «Ազատությանը» փոխանցեցին, որ ո՛չ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ո՛չ էլ «Ծառուկյան դաշինքի» դիմումատուներից ԿԸՀ ներկայացված դիմումների կեղծ լինելու վերաբերյալ հաղորդում չեն ստացել՝ հավելելով, որ նման հաղորդումներ լինելու դեպքում կքննարկվեն պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում:

«Ծառուկյան դաշինքից» ինքնաբացարկի դիմումներ գրած 23 թեկնածուներից շատերը երեկ գնացին ԿԸՀ՝ հայտարարելու, որ ցանկանում են ստանալ մանդատը: Նաև եղան պնդողներ, որ մանդատից հրաժարվելու դիմումներ իրենք չեն գրել: Ով կարող էր դա անել՝ անուններ չտվեցին: Անցողիկ տեղերում հայտնված 8 թեկնածուներ ի վերջո մանդատի տեր դարձան:

Քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանը «Ազատության» տաղավարում հայտարարեց․ - «Հայաստանում քաղաքական գործընթաց այլևս չկա․ գրեթե ամեն ինչ վերահսկվում է մեկ կենտրոնից, և այդ կենտրոնը գտնվում է Մելիք-Ադամյանում: Այսինքն, բոլոր գործընթացները վերահսկվում են Սերժ Սարգսյանի և նրա վարչախմբի կողմից»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծիքով, ԿԸՀ գնալն ու մանդատ պահանջելը թեկնածուների նախաձեռնությունը չէր․ նրանք չէին կարող անել մի բան, որը կառաջացներ Սերժ Սարգսյանի դժգոհությունը․ - «Եթե թեկնածուներն ունակ լինեին ինքնուրույն նման բան նախաձեռնել, ես կարծում եմ, չէին լինի նախապես ստորագրված դիմումները որևէ մեկի դեպքում: Եվ դա արդեն իսկ վկայում է, որ ինչ մեխանիզմով որ այդ մարդկանցից վերցվել են այդ դիմումները և ստորագրությունները, նույնիսկ եթե չեն իմացել, թե ինչի տակ են ստորագրում, նույն մեխանիզմով նաև, կարծում եմ, այդ մարդիկ վիճարկում են արդեն ինքնաբացարկի ներկայացված դիմումները»:

Բադալյանն ասում է, թե թեկնածուների երեկվա քայլը հարված էր նախևառաջ Գագիկ Ծառուկյանին․ - «Ստացվում է, որ «Ծառուկյան դաշինքում» տեղի են ունենում զարգացումներ, որոնք այդքան էլ վերահսկելի չեն հենց Գագիկ Ծառուկյանի համար: Ես կարծում եմ, սա ինչ-որ իմաստով հիշեցնում է քաղաքականությունից հեռանալու տարբերակ, բայց արդեն ոչ այն տարբերակը, որով նա հեռացավ 2015 թվականին: Այնտեղ Գագիկ Ծառուկյանը որոշակի նահատակի դերում հայտնվեց, այսինքն՝ Սերժ Սարգսյանի կոշտ միջամտության և ինչ-որ առումով անարդարության զոհ դարձավ: Հիմա, կարծես թե, նման տարբերակ չկա, և հիմա Ծառուկյանը ինքը, կարծես թե, տապալվում է, և այդ նահատակի և հետևաբար նաև հանրության մոտ որպես անարդարության զոհ ընկալվելու տարբերակը այլևս չկա»: