Զարուհի Փոստանջյան․ Հանրային գումարները վերածվել են շքեղ տների կամ դղյակների

Քաղաքապետի թեկնածու Զարուհի Փստանջյանը այսօր շրջեց Ավան համայնքում՝ բաժանելով թռուցիկներ ու խոստանալով ընտրվելու դեպքում մաքրել քաղաքը ոչ միայն աղբից, այլև կոռուպցիայից։

«Երկիր ծիրանիի» թիմին Ավանի ճանապարհները տարան դեպի առանձնատների փողոցի, որտեղ գտնվում է նաև գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատունը։

Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն իր պարտքն է համարում հանրությանը ցույց տալ, թե ինչ ունեցվածքի տեր է Երևանի քաղաքապետը։

«Մեր հանրային գումարները վերածվել են այսպիսի տների կամ դղյակների: Ափսոս է, որ քաղաքապետը ոչ թե քաղաքի մասին է մտածում, այլ իր անձնական բարեկեցության մասին է մտածում», - ասաց Փոստանջյանը: - «Դու չես կարող քո ուղղակի աշխատավարձով ձեռք բերես նման տուն: Ուղղակի դա պետք էր ընդգծել, դրա համար ենք եկել այստեղ»:

Համաձայն Տարոն Մարգարյանի վերջին՝ 2017-ին ներկայացրած հայտարարագրի, այս 1578 քառակուսի մետր տարածք զբաղեցնող առաձնատունը նրա միակ անշարժ գույքը չէ, սակայն այս շինությունը նրա միանձնյա սեփականություն է։

«Երկիր ծիրանի» ներկայացուցիչների ուշադրությունը գրավեց ևս մի հանգամանք՝ առանձնատան հասցեն:

«Համարը հերթական չէ․ 142 էր ու միանգամից դառնում է 77/7: Նույնիսկ այդ հարցում իրենք ուզում են արտոնություն ունենալ, իրենց վարչական լծակները օգտագործեն համար ստանալու համար: Բայց օրենքը մնում է օրենք՝ աջ կողմից պետք է լինեն զույգ համարները, իսկ ձախ կողմից պետք է լինեն կենտ համարները: Մանավանդ դրոբի կարիք ստեղ չկա, քանի որ շենք նոր չի կառուցվել», - ասաց ավագանու անդամի թեկնածու Հայկ Պետրոսյանը:

«Երեք 7 էր ինքը այդտեղ փորձել անպայման փորագրել․․․ Սա նշանակում է, որ այս մանրուքի մեջ ըստ էության ողջ փիլիսոփայությունն է այսօրվա այս թշվառ Հանրապետական կառավարման», - հավելեց Զարուհի Փոստանջյանը:

Առանձնատների բարեկարգ փողոցից հետո «Երկիր ծիրանին» շրջեց նաև Ավանի մյուս փողոցներում ու պուրակներում։ Ավանը, որը չորս տարի որպես թաղապետ ղեկավարել է Տարոն Մարգարյանը, նախկինում ճանաչվել է Երևանի ամենաբարեկարգ թաղամասը։ Փոստանջյանը սակայն կարծում է, որ խնդիրներն այս թաղամասում և քաղաքի մյուս համայնքներում չեն տարբերվում և չափազանց շատ են․ - «Ճիշտ է, կան մի քանի պուրակներ, բայց իրականում ամբողջ քաղաքը նույն վիճակի մեջ է՝ բակերը քանդված են, շենքերը պահանջում են լրացուցիչ վերանորոգումներ, և հասկանալի է, որ ոչինչ չի արվել քաղաքում շուրջ 25 տարի: Եվ մասնավորապես Տարոն Մարգարյանը իր պաշտոնավարման ժամանակահատվածում այդ մեր հանրային գումարները ուղղակի յուրացրել է»:

Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին բակերում նստած բնակիչները շատ ջերմ էին ընդունում, սակայն նրանցից շատերը Փոստանջյանի հեռանալուց հետո նշում էին՝ որ Հանրապետականի թեկնածուին են հակված ընտրել։

Այնուամենայնիվ, «Երկիր Ծիրանիի» թիմը վստահ է, որ Երևանի խնդիրները հենց Զարուհի Փոստանջյանը կարող է լուծել։

«Երևանը կարիք ունի մաքուր ձեռքերի, մաքուր մարդու, մաքուր երևանցու կարիք», - ասաց քարոզարշավին ակտիվ է մասնակցություն ցուցաբերող Փոստանջյանի դուստրը՝ Լիլիթ Դրամփյանը: