Մամուլի ազատության առումով Հայաստանում հետընթաց է արձանագրվել

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Մամուլի ազատության միջազգային օրը հայաստանյան հեղինակավոր կազմակերպություններն արձանագրում են, որ մամուլի ազատության տեսանկյունից հետընթաց կա:

«Ռեգրեսիվ միտումներ կան խոսքի ազատության և լրատվամիջոցների գործունեության առումով: Եվ իզուր չէ, որ միջազգային կազմակերպություններն էլ անցած շաբաթ, և՛ Freedom House-ը, և՛ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, գնահատեցին որպես հետընթաց հայաստանյան լրատվամիջոցների գործունեության միջավայրը, ազատության մակարդակը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

2017-ի առաջին եռամսյակում, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի, Հայաստանում արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի աճ․ անցյալ տարվա տարբեր ճնշումների 30 դեպքերի փոխարեն, այս տարի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է ավելի քան 50 դեպք։

Աշոտ Մելիքյանի խոսքով, հատկապես ընտրությունների ժամանակ և դրան նախորդած շրջանում լրագրողների նկատմամբ ճնշումները և բռնության դեպքերը հերթական անգամ ապացուցին, որ որևէ առաջընթաց մամուլի ազատության առումով Հայաստանում չկա․ - «Ե՛վ ընտրությունների օրը, և՛ նախընտրական շրջանում, երբ նույնպես երեք ֆիզիկական բռնությունների, 18 ճնշումների դեպքեր են արձանագրվել, ոչնչով չտարբերվեց․․․ Այսինքն, բարենպաստ պայմաններ մենք չնկատեցինք, որպեսզի լիարժեք լրագրողները կարողանային ազատ և անկաշկանդ լուսաբանեին ընտրությունները»:

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը մամուլի ազատությունը Հայաստանում 5-միավորանի սանդղակով 3-ից հանած է գնահատում․ - «Եղել են ժամանակներ, եղել են տարիներ, երբ ես կրկին 3-ի կողմնակիցը կլինեի, եղել են ժամանակներ, երբ 2 կդնեի: Բայց այսօր, հաշվի առնելով եղած միտումները, հաշվի առնելով այն սուր իրավիճակները, որոնց ականատես ենք եղել 2015-2016 թվականներին, երևի 3-իդ հանած»:

Աշոտ Մելիքյանի կարծիքով, խոսքի ազատությունը սկուտեղով չի մատուցվում, և լրագրողական համայնքը պետք է պայքարի սեփական իրավունքների համար, բայց մյուս կողմից՝ մեծ անելիք ունեն իշխանությունները․ - «Նաև քաղաքական գործիչները, իշխանական ատյանները, եթե նրանք մտահոգված են երկիրը տանել ժողովրդավարական ուղով, առանց խոսքի ազատության հնարավոր չի դա անել»:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը օրեր առաջ հրապարակված իր զեկույցում անդրադարձել էր հատկապես Հայաստանում լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնությունների դեպքերին՝ նշելով, որ դրանք չեն պատժվում:

Աշոտ Մելիքյանը կոնկետ օրինակներ է բերում․ - «Նույն «Էլեկտրիկ Երևանի» գործով 22 տուժած լրագրող և օպերատոր կա, և ընդամենը չորս ոստիկանի է մեղադրանք առաջադրված: Այն պարագայում, երբ որ ինտերնետը և լրատվամիջոցների արխիվները հեղեղված են այն կադրերով, թե ինչպես են ոստիկանները ապօրինաբար ֆիզիկական բռնություն իրականացնում, ջարդում տեսախցիկները և այլն: Նույնը Սարի թաղի և Խորենացի փողոցի իրադարձություններին է վերաբերում»:

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը վերջերս հրապարակված «Մամուլի ազատության զեկույցում» նշում է, որ Հայաստանը մնում է «ոչ ազատ» երկրների շարքում: