Նորընտիր Ազգային ժողովի վերջնական կազմը ձևավորված է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր 105 մանդատները պատգամավորներին տրամադրելու մասին արձանագրություն կազմեց: Գործընթացն առանց սկանդալի չընթացավ: Խնդիրը Ծառուկյան դաշինքի 31 մանդատներին էր վերաբերում:
Նախօրեին, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց, թե որ պատգամավորի թեկնածուներից են ինքնաբացարկի դիմումներ ստացել, «Ծառուկյան» դաշինքի մի քանի պատգամավորի թեկնածուներ հայտարարեցին, թե իրենք մանդատներից հրաժարվելու դիմումներ չեն ներկայացրել: Այսօր արդեն «Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկի դիմում ներկայացրած 23 թեկնածուներից 12-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պահանջեցին իրենց անունից տրված դիմումները չեղարկել և իրենց պատգամավորի մանդատ տալ: Մուշեղ Սաղաթելյանը ասաց՝ մամուլից են իմացել, որ իրենց անունից մանդատներից հրաժարվելու դիմում է ներկայացվել:
«Հարցը ինձ համար մանդատը չէ, հարցը արդարությունն է, որ շատ է խաթարված», - դժգոհեց Սաղաթելյանը:
Թեկնածուներից Խաչիկ Մանուկյանն անգամ Տիգրան Մուկուչյանից խնդրեց ցույց տալ իր անունից ներկայացված ինքնաբացարկի դիմումը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բոլորի դիմումներն էլ ընդունեց և մանդատ տվեց անցողիկ տեղերում գտնվող 8 թեկնածուներին՝ Նապոլեոն Ազիզյանին, Վահան Կարապետյանին, Արարատ Զուրաբյանին, Խաչիկ Մանուկյանին, Սերգեյ Բագրատյանին, Արտյոմ Ծառուկյանին, Արթուր Մանուկյանին և Հարություն Ղարագյոզյանին, ով ի դեպ՝ ԿԸՀ նիստի կեսին եկավ և հետ վերցրեց իր ինքնաբացարկի դիմումը:
Ինքնաբացարկի դիմումները հետ վերցրած 12 թեկնածուներից չորսը, ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, անցողիկ տեղերում չէին, այդ պատճառով մանդատներ չստացան:
Պատգամավորի թեկնածուներն ասում էին՝ տեղյակ չեն, թե ինչպես է իրենց անունից գրված ինքնաբացարկի դիմումը հայտնվել ԿԸՀ-ում: Այսօր Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած Սերգեյ Բագրատյանն, օրինակ, ասաց, որ գրել է ինքնաբացարկի մի դիմում, սակայն դա վերաբերել է մինչև ընտրությունների օրն իր թեկնածությունից հրաժարվելուն: «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ է նման դիմում գրել, Բագրատյանը պատասխանեց․ - «Նման դիմումներ գրվել են ելնելով այն հանգամանքից, որ հնարավոր է բացակայես Հանրապետությունից, հնարավոր է՝ հիվանդության պատճառով ի վիճակի չլինես գալու, որպեսզի գործընթացը չկանգնի, կարողանան քո համաձայնությամբ, քեզ տեղեկացնելով դիմումը տանել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Բայց չի եղել ոչ մի համաձայնություն, մենք մամուլից ենք իմացել, որ ներկայացվել է ուժը կորցրած դիմում»:
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը մայիսի 18-ին է նշանակված: Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր․ 58-ը՝ Հանրապետականից, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, 9-ը՝ «Ելք»-ից և 7-ը՝ Դաշնակցությունից: