Զարուհի Փոստանջանն իջավ մեքենայից ոտքից գլուխ սպիտակ հագնված ու հայտարարեց՝ սա իրենց խորհրդանշական գույնն է, որով մայրաքաղաքի պատմությունը նոր էջից են գրելու։․ - «Սպիտակը դա, գիտեք, մեր արդարության, մաքրության նշանն է: Եվ մենք գալիս ենք և ասում ենք, որ մենք եկել ենք սկսելու մեծ մաքրությունը, մեծ մաքրությունը, որը վերաբերում է կոռուպցիային, գողությանը և այս հսկայածավալ աղբին, որը կուտակվել է այս 25 տարիների ընթացքում»:
Փոստանջյանն այսօր արձագանքեց գործող քաղաքապետ և քաղաքապետի ՀՀԿ֊ի թեկնածու Տարոն Մարգարյանի այն հայտարարությանը, թե «Երկիր Ծիրանի»-ի և «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրերը լոզունգներն են՝ խորհուրդ տալով Մարգարյանին հեռակա բանավեճից անցել ուղիղ բանավեճի և առերես որակումներ տալ ծրագրի այս կամ այն կետին․ - «Եթե նա այդքան ինքնավստահ է և իմ ծրագիրը քննադատության է փորձում ենթարկել, կամ ասում է, որ մենք ծրագիր չունենք, ակմ չգիտի մեր ծրագրերի մասին, թող գա, բանավիճենք, և հանրությունը ականատեսը լինի, թե ով ինչ ծրագրով է հանդես գալիս, ով ինչ ուղերձ է հղում, և որն է ճիշտը, որը՝ սխալը, որն է համակրելի, որը՝ ոչ»:
Փոստանջյանն ասաց ու նստեց մեքենան․ քարոզարշավի նոր ձևաչափով՝ ավտոերթով է այսօր երեւանցիներին ծանոթացնում իր ծրագրերին ու կոչ անում մայիսի 14-ին մայրաքաղաքն ազատել հանրապետականներից․ - «Մայիսի 14-ին բոլորս գնում ենք ընտրատեղամաս, կատարում ենք մեր ընտրությունը, մաքրում ենք մեր քաղաքը՝ Երևանը Հանրապետականից, Տարոն Մարգարյանից, ապօրինություններից, կոռուպցիայից, աղբից»:
Աբովյան պուրակից, Կորյունի, Չարեցնի փողոցներով ավտոերթն ընթացավ դեպի Սայաթ-Նովա։ Ոստիկաններին ուղեկցությամբ էր «Երկիր Ծիրանին» շրջում քաղաքի փողոցներով։
Փոստանջյանի՝ թավշյա հեղափոխության կոչը անցորդներն ու վարորդները լսեցին, և նրանցից մեկն արձագանքեց՝ Զարուհի ջան, ելք կա։
«Այսօր ողջ մեր հանրությունը ապրում է տագնապի մեջ: Պետք է վերացնենք այդ տագնապը մեր հասարակությունից, պետք է վերացնենք այս գաղթի և արտագաղթի միտումը մեր հասարակությունից»:
Արտագաղթից մինչեւ քաղաքի կանաչապատ տարածքներ․ կենտրոնական փողոցներում Զարուհի Փոստանջյանը հասցրեց խոսել բոլոր թեմաներից։ Հասավ Հանրապետության հրապարակ ու հենց մայրաքաղաքի սրտում հայտարարեց՝ վստահ է, որ 14-ին մեծամասնության ձայներն է ստանալու։