Այս տարվա «Արմմոնո»-ն հարուստ էր դեբյուտներով

Այսօր երեկոյան Համազգային թատրոնում տեղի կունենա «Արմմոնո» միջազգային թատերական 15-րդ փառատոնի փակման արարողությունը:

Վերջին 5 օրերի ընթացքում փառատոնի շրջանակներում մեր թատերասերները կարող էին 28 մոնոներկայացում դիտել մայրաքաղաքի տարբեր թատրոններում մոտ 10 երկրներից ժամանած դերասանների կատարմամբ:

Այս տարի մի շարք ուշագրավ ներկայացումների շարքում կարելի է առանձնացնել Վրաստանից Իվանե Կուրասպեդիանիի «Ես եմ Նիկոլայ Գումիլյովը» և Բեսո Զանգուրիի «Փսիխոզ 4.48» մոնոներկայացումները, որոնք փառատոնի վերջին օրը մատուցվեցին մեր հանդիսատեսին, Մոլդովայից Ալեքսեյ Շտիբուլի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» կամ Ուկրաինայից Լարիսա Կադիրովայի «Լաց մի եղեք իմ հետևից երբեք» և այլ մոնոներկայացումները:

Այս տարի փառատոնը ուշագրավ էր նաև մեր հայաստանցի երիտասարդ դերասանների մոնոներկայացումների քանակով: Այո, շատ էին դեբյուտներն ու դեբյուտանտները:

Փառատոնն առանձնացավ նաև երկու մոնոօպերաներով, որոնք մինչև այժմ երբեք տեղ չէին գտել փառատոնի ծրագրում:

Շատ տպավորիչ էին հատկապես երկու մոնոներկայացում․ փառատոնի բացման ներկայացումը՝ Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» և Իսպանիայից ժամանած Մարիա Վիդալի «Արյունոտ հարսանիքը»՝ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի համանուն ստեղծագործության հիման վրա:

Մարիա Վիդալը Հայաստան է ժամանել ամուսնու՝ իսպանացի հայտնի բեմադրիչ Պատի Դոմենեխի հետ: Հենց նա էլ այս մոնոներկայացման հեղինակն է և բեմադրիչը:

«Ազատության» հետ զրույցում Մարիա Վիդալը շեշտեց․ - «Մեր ներկայացումը որոշակի յուրահատկություն ունի: Մենք Լորկային նայում ենք կանանց կերպարների պրոյեկցիայով»:

Պատի Դոմենեխը իսպանական հեղինակավոր թատերական փառատոներից մեկի տնօրենն է: «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց համար մեծ պատիվ է այս փառատոնին մասնակցության հրավեր ստանալը: Շեշտում էր, որ իրենց մոնոներկայացումը շատ մեծ հաջողություն ունի ոչ միայն իրենց հայրենքիում, այլև նրա սահմաններից դուրս:

Այս երեկո «Արմմոնո» միջազգային թատերական 15-րդ փառատոնը կեզրափակվի Համազգային թատրոնում՝ Տաթև Ղազարյանի «Սովորական օր» մոնոներկայացմամբ: