ԿԸՀ-ն այսօր կորոշի նորընտիր Ազգային ժողովի վերջնական տեսքը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր պետք է որոշի Ազգային ժողովի վերջնական տեսքը, և արձանագրություն կազմի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին, «Ազատությանը» հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Կհայտարարվի նաև նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման օրը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննելու է նաև մանդատներից հրաժարվելու ավելի քան 3 տասնյակ դիմումները, որ ստացել են քաղաքական երեք ուժերից՝ Հանրապետականի ցուցակից 9 հոգի է մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրել, որոնց թվում նախարարներ Վիգեն Սարգսյանը, Արմեն Ամիրյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Դաշնակցությունից մանդատներից հրաժարման դիմումներ են ներկայացրել 3 գործող նախարարները՝ Արծվիկ Մինասյանը, Դավիթ Լոքյանը և Լևոն Մկրտչյանը:

Մանդատից հրաժարվելու ամենաշատ՝ 23 դիմումները ստացվել են «Ծառուկյան» դաշինքից, սակայն ըստ Մուկուչյանի՝ նրանցից մի քանիսը դիմել է իրենց` հրաժարվելով ինքնաբացարկի իրենց դիմումներից։

Ինքնաբացարկի դիմումից հրաժարվածներից է Նապոլեոն Ազիզյանը: Ասաց՝ ինքը չգիտի ինչպես է իր անունից դիմումը հայտնվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ինքը մանդատից չի հրաժարվում:

«Ես գիտեմ, որ դիմում ներկայացնում են կա՛մ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, կա՛մ վավերացված՝ նոտարական կարգով: Ես ոչ նա եմ արել, ոչ էլ նա եմ արել», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց նա:

Մեր հարցին՝ թե դաշինքի հետ քննարկե՞լ է տեղի ունեցածը, Նապոլեոն Ազիզյանը պատասխանեց․ - «Զանգում եմ՝ չեմ պատասխանում: Ես պարոն Ծառուկյանի ուղիղ համարը չգիտեմ, այն մյուս համարներն էլ չեն պատասխանում»: