Ընտրությունների արդյունքները «անսպասելի էին» Արա Աբրահամյանի համար

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի համար խորհրդարանական ընտրությունների արդյունքները անսպասելի էին, սակայն վստահ է ժողովուրդը ընտրություն կատարելու «շանս ուներ»․ - «Նոր կառավարություն կա: Դուք ինքներդ ընտրել եք․․․ Դուք ընտրում եք իշխանություն, դուք ես, չէ՞, ընտրել: Ես կարդում եմ միջազգային թերթերը, որ առաջին անգամ եղել են շատ նորմալ ընտրություններ: Հիմա․․․ Ես ցավում եմ, էդ ընտրությունները, որ դուք շանս ունեիք, և դուք չգիտեմ ոնց եք օգտագործել: Հետո ինչ-որ մեկը գալիս ա ու ստեղ ասում ա՝ գիտեք, ընտրություններն էն չեղավ: Այո, արդյունքները անսպասելի էին: Ես մի բան կարող եմ ասել, որ ժողովրդի կամքը իմ համար վերջնական ա»:

Ռուսաստանբնակ մեծահարուստ գործարարը, ով անցյալ տարվա ամռանը հայտարարել էր խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, ապա աշնանը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել այդ գաղափարից, այժմ կարծում է իշխանությանը ձայն տված հանրությունը պետք է պահանջի, որ ընտրյալները կատարեն խոստումները․ - «Կա հիմա նոր նախարարներ, կա նոր վարչապետ, ճի՞շտ ա: Ձևավորվում ա նոր կառավարություն, ընտրություններ ենք անցկացրել: Հիմա մենք բոլորս պետք է ստեղծենք մեխանիզմ իրենց խոստումների կատարմանը: Սա էլ ա ռեֆորմ, որ հասարակական կազմակերպությունները, թղթակիցները ընդհանրապես հսկում են իրանց ասածները: Եթե մեկը ասել ա՝ ես հարյուր դոլար պետք ա ներդրեմ, որ ասեք՝ բա անցավ էդ ժամանակը, Դուք խոսք էիք տվել, ի՞նչ եղավ»:

Անդրադառնալով ներդրումներին՝ Ռուսաստանի հայերի միության նախագահը նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Հայաստան գալու ու ներդրումներ անելու կոչը փոխանցելու է Ռուսաստանի գործարարներին և պատաստ է սատարել կառավարության այդ հարցում, բայց միևնույն ժամանակ Հայաստնում բիզնեսի պայմանները բարենպաստ չի համարում․ - «Հարյուր տոկոս ոչ: Բայց դա չի նշանակում, որ մենք․․․ Մահանաներ կա: Հիմա ես եկել եմ այստեղ, ներդրումներ եմ կատարում: Ես ներդրումներ եմ կատարում որպես հայ մարդ՝ իմանալով այս տնտեսական դաշտը, ինչ-որ տեղ լինելով, ասենք, հայրենասիրությունը և այլն, և այլն: Բայց շատ մարդկանց համար դա բավարար չի բիզնեսի համար: Մի քիչ այլ ձևի պետք ա լինի»:

Աբրահամյանը իր անձական օրինակն է բերում․ երբ տարբեր երկրներից առաջարկներ է ստանում գնալու ու ներդրումներ անելու, տասնյակ հանգամանքներ է հաշվի առնում՝ հարկային պայմաններից մինչև անվտանգություն․ - «Այն պայմանները, որ կան, ինձ թվում ա, որ մենք է՛լ ավելին պետք ա ստեղծենք: Որովհետև մեկը մյուսի հետ կապ ունի․ կամ պետք ա մենք ամբողջական հասկանանք մտածելակերպը բիզնեսմենի․․․ Ես հիմա մտածում եմ որպես բիզնեսմեն: Ինչո՞ւ պետք ա գամ, էստեղ ներդրում անեմ, որտեղ կա վտանգ, որ ես կարամ իմ փողը կորցնեմ․․․ Ես, որպես հայ մարդ, հայրենասեր, մենք դա պետք ա հաշվի առնենք, բայց դրա հետ միասին մենք բոլորս հասկանանք, որ եթե մենք բոլորս գանք ինչ-որ կիսատ-պռատ բաներ անենք, մենք էլ չենք կարող լինել այն բիզնեսմենները, որ կանք: Մեզ պետք ա միասնական մոտեցում լինի»:

Արա Աբրահամյանը ճեպազրույցի ընթացքում անդրադաձավ նաև իր ղեկավարած միության բազմաթիվ ծրագրերին՝ ակնարկելով, որ Հայաստանի իշխանությունները բավարար ակտիվ չեն օգուտներ քաղելու հարցում․ - «Ռուսաստանի ամենախոշոր բանկերից մեկի տնօրենը՝ Գերման Գրեֆը, դահլիճում նստած էին տասնհինգ հոգի, մարդ էլ չկար, որ խոսար իրանց հետ: Դա դժբախտություն ա, դա ցույց ա տալիս իշխանությունների աշխատանքը»: