Արմավիրի մարզի մի շարք գյուղերում վնասվել է բերքի 80 տոկոսը, գյուղացիները փոխհատուցում են պահանջում

արխիվ

Արմավիրի մարզպետարանից «Ազատությանը» հայտնեցին, որ մարզի մոտ երկու տասնյակ գյուղեր ցրտահարությունից տուժել են: Ծաղկալանջ գյուղի բնակիչների պնդմամբ՝ վնասվել են խաղողի այգիները, կարտոֆիլի, լոբու ցանքսերը, մասամբ՝ նաև ելակը։

«Մեզ գյուղապետարան պետք չի, մարզպետարան պետք չի, լրիվ պտի փակվի»,- զայրացած ասում էին գյուղացիները, հարց հնչեցնելով․ «գյուղացին ինչո՞վ պիտի ապրի, մնում ա մեր քոչերը կապենք, գնանք ուրիշ տեղ»: «Կարտոլը ցուրտը տարավ, ժողովուրդը վրեն լացում են, կլուբնիկը տարավ, լացում են․․․ մեկնումեկը չեկավ ասէր՝ մեռել ե՞ք, թե սաղ եք»,- ասում էր մի գյուղացիներից մեկը:

Ծաղկալանջցիներն այլևս հույս չունեն, թե որևէ փոխհատուցում կստանան։ Ասում են՝ նախորդ տարվա կարկուտից կրած վնասների դիմաց մինչ այսօր ամբողջական փոխհատուցում չեն ստացել։ Վերջին ցրտահարությունից հետո իրենցով ոչ ոք անգամ չի էլ հետաքրքրվել․ «Անձամբ ինձ կարկուտը 4 միլիոն վնաս ա տվել, մի հատ հատուցում չեմ ստացել, նույնը հիմա՝ 2-3 միլիոն փող եմ կորցրել, մենակ 1 միլիոն տվել եմ կարտոշկի սերմին․․․․»:

Գյուղապետ Մանվել Մկրտչյանն «Ազատությանը» փոխանցեց, որ լոբի, կարտոֆիլ և խաղող մշակող գյուղացիները բերքի մոտ 80 տոկոսը կորցրել են։ «Մենք ստացել ենք հանձնարարականներ, հենց հիմա աշխաում ենք էդ ուղղությամբ, դա կոնկրետ վերաբերվում ա խաղողի այգիներին և լոբի կուլտուրային: Կազմել ենք հանձնաժողով, հանձնաժողովը կազմել ա ակտեր, որը ներկայացնելու ենք մարզ, մարզն էլ կառավարություն: Գնահատելու են վնասի աստիճանը ու դրանից հետո կառաարությունը կորոշի»,- ասաց գյուղապետը:

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի փոխանցմամբ՝ մարզում արդեն աշխատանքային խումբ է ձևավորվել, որը դեռ ուսումնասիրում է վնասի չափը: