Ընդդիմադիրները չեն կարծում, թե իրենց ծրագրերին ծանոթանալը կօգնի Տարոն Մարգարյանին

Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուները դեմ չեն, որ Տարոն Մարգարյանը կարդա իրենց նախընտրական ծրագրերը, բայց դա գործող քաղաքապետ, իշխող Հանրապետականի թեկնածուին, համոզված են Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը, այլևս չի օգնի:

Նախօրեին Տարոն Մարգարյանը լրագրողներից էր խնդրել իր մրցակիցների նախընտրական ծրագրերը․ - «Ես ուզում եմ կարդամ իրանց ծրագիրը: Ինձ շատ հետաքրքիր է»:

Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ ասաց․ - «Ես ընդհանրապես չեմ հորդորի իրեն կարդալ, որովհետև այդ նախընտրական ծրագիրը մեր իրագործման մասին է, մենք վստահության քվեն կստանանք և կիրագործենք: Ի տարբերություն իրեն, որ իր նախորդ նախընտրական ծրագրի 70 տոկոսը ընդհանրապես չի իրագործել»:

«Թող կարդա, բայց արդեն իր համար ուշ է, որովհետև իր գնացքը հեռացել է, և նա ուշացել է այդ գնացքից: Հետևաբար իրեն հրաժեշտ ենք տալիս, Տարոն Մարգարյանին», - ասաց Զարուհի Փոստանջյանը:

Այնուամենայիվ իր բուկլետից մի դրվագ Փոստանջյանը Տարոն Մարգարյանը հորդորեց ընթերցել՝ Ջորջ Օրուելի «1984» վեպից մեջբերումը․ - «Ազատությունը երկուսին գումարած երկու հավասար է չորսի ասելու հնարավորությունն է: Եթե դա թույլատրվի, մնացած ամեն ինչ կբխի դրանից»․ - «Վերաբերվում է բռնապետական համակարգին և քաղաքական իմաստով մեծ, նշանակալի գործերից մեկն է համաշխարհային: Հետևաբար, որպես ծրագրային դրույթ նաև հորդորում եմ իրեն կարդալ «1984»-ը, եթե մինչև հիմա նա չի կարդացել»:

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդի այսօրվա քարոզարշավը Սարի թաղում էր, հուլիսյան իրադարձություններին Փոստանջյանը լրագրողների հետ պատսպարվել էր տեղացիներից մեկի տանը․ - «Այդ մութ գիշերին, որ մենք փախչում էինք ոստիկաններից և այդ հրոսակախմբից, տանտիրոջը հաստատ հենց տեսնեմ, կհիշեմ, որովհետև եթե նա չլիներ, մենք էլ չգիտեմ ինչպիսի մարմնական վնասվածքներ կստանայինք, որովհետև արդեն Երանոսյանի կողմից այդպիսի հրաման էր տրված»:

Զարուհի Փոստանջյանին սարիթաղցիները ճանաչում են, իշխանություններին սուր է քննադատում, իրենց սրտով է, անգամ Սերժ Սարգսյանին էր կազինոյում փողեր տանուլ մասին հարցրել: «Միակ տղամարդը խորհրդարանում»․ այսպես բնութագրեց նրան սարիթաղցիներից մեկը:

Զարուհի Փոստանջյանը չի ընդունում Նիկոլ Փաշինյանի հետ միավորվելու կոչերը՝ քաղաքապետարանում մեծամասնությունը վերցնելու համար․ - «Չեն համընկնում ո՛չ գաղափարախոսությունը, ո՛չ սկզբունքը, ո՛չ ծրագիրը: Եվ մենք՝ «Երկիր Ծիրանին» և ես, գնում ենք վերցնենք քաղաքապետարանը, գրավում ենք քաղաքապետարանը: Մեծամասնություն ենք կազմելու և իհարկե տապալելու ենք Հանրապետականին: Իսկ ովքեր որ ցանկանում են մեզ միանալ, մենք մեծ սիրով նրանց կընդունենք: Իսկ Նիկոլ Փաշինյանը այս պահին արդեն իսկ պատգամավոր է, նրա տեղը խորհրդարանում է, նա պահանջված է խորհրդարանում: Ես դառնալու եմ քաղաքապետ»:

Պատգամավոր ընտրված Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ, նույնպես համոզված է, որ քաղաքապետ է դառնալու․ այսօր Էրեբունիում արշավի դուրս եկած «Ելք» դաշինքը մեծամասնության հայտ է ներկայացնում․ - ««Ելք» դաշինքը էս ընտրություններում 50 պլյուս մեկ տոկոս ստանալու դեպքում առանց ավագանու որոշման, օրենքի ուժով ես կհամարվեմ ընտրված քաղաքապետ»:

Նիկոլ Փաշինյանը հակադարձում է Տարոն Մարգարյանին, թե իրատեսական չէ «Ելք»-ի խոստումը, որ Աջափնյակում մետրոյի կայարան կբացեն․ - «Սերժ Սարգյսանի հայտարարությունը՝ 2008 թվականին դեռևս արած, նա ասել ա, որ Աջափնյակում ոչ թե մեկ, այլ երկու կայարանի ստեղծումը իրատեսական է: Հիմա Տարոն Մարգարյանը թող պատասխանի էդ հարցին․ Ինչի՞ իր քաղաքապետության տարիների ընթացքում չի իրագործել իր կուսակցության ղեկավարի կողմից իրատեսական համարված ծրագիրը»: