Մեկուկես տարվա ձգձգումից հետո Հայաստանի ներկայացուցիչը ստանձնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրով

Մոտ քսան օր առաջ Բիշքեկում կայացած ՀԱՊԿ ոչ-պաշտոնական գագաթնաժողովում Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը ընտրվեց այդ պաշտոնում: Նշվեց, որ նա պարտականությունների կատարմանը կանցնի մայիսի 2-ից:

Խաչատուրովը, ով ութ տարի՝ մինչև անցած տարվա հոկտեմբերը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետն էր, իսկ այնուհետև նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր ազատվել է այդ պաշտոնից:

1995-1998 թվականներին ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Ստեփան Գրիգորյանի խոսքով, դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում Երևանը ներկայացնող զինվորականի նշանակումը չի կարող էական առավելություններ ընձեռել Հայաստանին․ - «ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը ունի կոնկրետ ֆունկցիաներ: Ինքը չի կարող ՀԱՊԿ-ում իր երկրի շահերը բացահայտ անցկացնել, քանի որ գլխավոր քարտուղարի ֆունկցիան այլ է: Գլխավոր քաղաքական մարմինը ՀԱՊԿ-ում պետությունների ղեկավարների խորհուրդն է, իրենք են ընդունում գլխավոր քաղաքական որոշումները»:

Գրիգորյանը հիշեցրեց, որ գլխավոր քարտուղարը կարգավորում է ՀԱՊԿ վարչական կառույցների աշխատանքը, ներկայացնում է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների որոշումները և հայտարարություններ է անում դաշինքի անունից:

«Ցանկացած երկիր ունի վետոյի իրավունք», - շարունակեց Գրիգորյանը: - «Ինչի՞ հետ էր կապված, որ Հայաստանի կողմից առաջադրված թեկնածուն երկար ժամանակ չէր հաստատվում: Դա կապված էր նրա հետ, օրինակ, որ Բելառուսը ուներ վերապահումներ»:

Պաշտպանական դաշինիքի ստեղծումից՝ 1992 թվականի մայիսից ի վեր առաջին անգամն է, որ ՀԱՊԿ-ը գլխավորելու է Ռուսաստանը չներկայացնող անձը: Սակայն այդ պաշտոնը Հայաստանին դյուրին չտրվեց:

2003-ից ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլայ Բորդյուժան, ով դեռ 2016-ի հունվարի 1-ից թողնելու էր պաշտոնը, և կազմակերպության ղեկավարումը ռոտացիոն կարգով պետք է անցներ Հայաստանին, 2015 թվականի դեկտեմբերին ՀԱՊԿ գագաթնաժողովի անակնկալ որոշմամբ մեկ տարի ևս մնաց իր պաշտոնին:

Լրատվամիջոցները սկսեցին գրել ՀԱՊԿ-ում առաջացած հակասությունների մասին, թե՝ Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ ունեցող Ղազախստանն ու Բելառուսը ընդդիմանում են կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի ընտրությանը:

Անցած տարվա հոկտեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովը դարձյալ արդյունք չտվեց: Հայաստանի ներկայացուցիչը չընտրվեց դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում նաև անցած տարվա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայացած կազմակերպության գագաթնաժողովում, որին հրաժարվեց մասնակցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Արդյուքնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները այս հունվարի 1-ից փոխանցվեցին Բորդյուժայի տեղակալ Վալերի Սեմերիկովին:

Պետերբուրգյան գագաթնաժողովից հետո պաշտոնական Երևանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի շուրթերով այլևս չէր թաքցնում իր դժգոհույթյունը․ - «Ղազախստանը այդ հարցում երբևիցե խոչընդոտ չի առաջացրել:Բելառուսի նախագահի բացակայությունը նախորդ համաժողովին առաջացրեց այդ խնդիրը»:

Թե ՀԱՊԿ-ը որքանով է նպաստում Հայաստանի անվտանգության ապահովմանը, հատկապես ակնառու դարձավ նախորդ տարիներին: Երբ հայտնի դարձավ դաշինքի անդամ Ռուսաստանի ու Բելառուսի կողմից Ադրբեջան մատակարարավող մեծածավալ սպառազինության մասին, 2013-ի հունիսին Բորդյուժան բավարարվեց հայտարարելով, որ դա բիզնես է:

Նիկոլայ Բորդյուժայի այդ խոսքերից մոտ երեք տարի հետո՝ ապրիլյան պատերազմից օրեր անց Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևին նախագահ Սերժ Սարգսյանը ընդգծեց՝ Բաքուն ռուսական զենքը կիրառել է խաղաղ բնակիչների դեմ:

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի ժամանակ ՀԱՊԿ արձագանքին, ապա այն հանրահայատ է՝ դաշինքը բավարարվեց գլխավոր քարտուղարի մամլո խոսնակի հայտարարությամբ, թե «ամեն ինչ պետք է կարգավորվի բանակցությունների ճանապարհով, ադրբեջանական կողմի գործողությունները տվյալ դեպքում հանգեցնում են հակամարտության և իրավիճակի սրման»:

Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ անդամ երկրները, որոնք նաև ԵՏՄ անդամ են, պատերազմից երկու օր անց չեղարկեցին ԵՏՄ վարչապետների երևանյան հանդիպումը՝ մտավախություն ունելով, թե նման հանդիպման անցկացումը Հայաստանում կդիտվի աջակցություն Երևանին: