«Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը հայկական կողմը քննարկում է սեփական նախաձեռնությամբ»․ ԱՆ

Ռուս զինծառայողի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամները՝ Սերյոժա և Հասմիկ Ավետիսյանները, արխիվ

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը համոզված է՝ գործի մանրամասներն այդպես էլ չբացահայտած, Պերմյակովին կտեղափոխեն Ռուսաստան, «ռուսները հայերի կարծիքն այս հարցում հաշվի չեն էլ առնի»:

Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկված Վալերի Պերմյակովը հնարավոր է` իր պատիժը կրի Ռուսաստանի Դաշնությունում։ Դրա հավանական իրավական հիմքերը հասկանալու համար այժմ քննարկումներ են ընթանում Հայաստանի արդարադատության նախարարությունում։

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց գերատեսչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը, քննարկման նախաձեռնությունը եղել է հայկական կողմից, ռուսները դրան չեն մասնակցում։

«Քանի որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի վերաբերյալ վճիռներ էին կայացրել և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Ռուսաստանի Դաշնության դատարանները, այս պահին [Հայաստանի] արդարադատության նախարարությունում քննարկվում է Պրեմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը: Մենք էս քննարկման արդյունքում իրավական հիմքերն ենք ուզում հասկանալ, պատժի կրման կազմակերպման հետ կապված: Նախարարությունն է նախաձեռնել, ներսում է քննարկում, իր աշխատակիցների շրջանակում»,- ասաց նախարարության խոսնակը:

Հարցին՝ որքա՞ն կտևեն այդ քննարկումները և արդո՞ք հնարավոր է, որ Պերմյակովն իր պատիժը կրի Ռուսաստանում, Լուսինե Մարտիրոսյանը պատասխանեց․ «Ժամկետների հետ կապված կդժվարանամ ասել, երբ քննարկումներն ավարտվեն, արդարադատության նախարարությունը պաշտոնապես հաղորդագրություն կտարածի»: Վերջինս նաև նշեց, թե դեռևս հստակ չէ Պերմյակովի պատժի կրման վայրի հարցը:

Ավելի վաղ այն մասին, որ հնարավոր է, որ Պերմյակովը փոխանցվի Ռուսաստանին, տեղեկացրել էր ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը:

Վալերի Պերմյակովի հայ պաշտպան Էդուարդ Աղաջանյանը ևս չի բացառում, որ դատապարտված ռուս զինծառայողը կարող է տեղափոխվել Ռուսաստան։ Նա հիշեցրեց՝ երբ ռազմաբազայում սկսվեց հայկական կողմի դատավարությունը, Պերմյակովն արդեն իսկ ռուսական դատարանի կողմից դասալքության համար դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման։

«Հայաստանում դատավարությունը սկսվելու պահին ինքն արդեն իսկ գտնվում էր դատապարտյալի կարգավիճակում և, ըստ էության, պատիժ էր կրում: Այս հանգամանքից ելնելով՝ ես ուղղակի ենթադրում եմ, որ նա կարող է պատիժը կրել Ռուսաստանում: Ռուսական կողմը պարտադիր չի, որ պահանջի, քանի որ ինքն, ի սկսզբանե, արդեն իսկ գտնվել է ռուսական կողմի տրամադրության տակ, ինքն այնտեղ պատիժ էր կրում: Էդ հարցի վերջնական լուծումը պետք է տա Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը: Թե ինչ որոշում կկայացնի, ես չեմ կարող ասել»,- «Ազատությանն» ասաց Պերմյակովի պաշտպանը:

Որոշման կայացումը չի կարող ուշանալ, քանի որ Վճռաբեկ դատարանը, մերժելով վարույթ ընդունել Ավետիսյանների իրավահաջորդների բողոքները, ուժի մեջ թողեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի օգոստոսի 23-ի վճիռը: Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը համոզված է՝ գործի մանրամասներն այդպես էլ չբացահայտած, Պերմյակովին կտեղափոխեն Ռուսաստան, «ռուսները հայերի կարծիքն այս հարցում հաշվի չեն էլ առնի»:

«Տարրական իրավական գրագիտությունը հուշում է, որ քրեակատարողական վարչությունը կամ արդարադատության նախարարոթյունը կարող է որոշում կայացնել իր հսկողության տակ գտնվող անձի նկատմամբ: Եթե Պերմյակովը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կողմից հսկվող որևէ հիմնարկում չի պահվում, ապա ինչի՞ կամ ու՞մ վերաբերյալ կարող են իրենք որոշում կայացնել, ընդհանրապես դա աբսուրդ ա»,- ասաց Սաքունցը:

Իրավապաշտպանն ասում է՝ ընդամենը մեկ գրություն կպահանջվի գլխավոր դատախազից, որով կթույլատրվի Պերմյակովին Հայաստանից դուրս բերել, դա էլ՝ ձևական կողմն ապահովելու համար։ Նա չի բացառում նաև, որ հետագայում Ռուսաստանում Պերմյակովի նկատմամբ կարող է կիրառվել միայն ռուսական դատարանի վճիռը, այսինքն՝ 10 տարվա ազատազրկումը դասալքության համար։

«Ի՞նչ պետք է անի Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ես չգիտեմ: Այսինքն՝ պետք է անեն, բայց կարո՞ղ են անել, ունե՞ն այդքան համարձակություն, այդքան ինքնուրույնություն, այդքան արժանապատվություն, ես հստակ ասում եմ՝ ո՛չ, չունեն»,- ասաց իրավապաշտպանը:

«Որքանո՞վ վստահ լինենք, որ Ռուսաստան հասնելուն պես Պրեմյակովն ազատ չի արձակվի»,- «Ազատության» հետ զրույցում հարց տվեց Ավետիսյանների հարազատներից Արթուր Կոշտոյանը։ Նրա խոսքով՝ իրենք կանխատեսում էին, որ գալու է այդ օրն ու խոսելու են մարդասպանին տեղափոխելու մասին։ Փաստաբանները բացատրել են, որ Պերմյակովն ի սկզբանե հայկական կողմին հանձնված չի էլ եղել, չի հանձնվի նաև հիմա։

Ավետիսյանների հարազատները շարունակում են պնդել, որ հանցագործությունն ամբողջությամբ չի բացահայտվել, իրենք մինչև հիմա չգիտեն յոթ հոգանոց ընտանիքի դաժան սպանության դրդապատճառը, չգիտեն նաև հարցի պատասխանը, թե արդյո՞ք ռուս զինծառայողը մենակ է գործել։ Սպառելով ներպետական ատյանները՝ Ավետիսյանների իրավահաջորդներն արդարության հասնելու համար կգնան Եվրոպական դատարան։ 6-ամսյա ժամկետում հայցը կուղարկվի Ստրասբուրգ։