Human rights watch-ը Սիրիայում քիմիական հարձակումների մասին զեկույց է հրապարակել

Սիրիա - Երեխային բուժօգնություն է ցուցաբերվում Իդլիբ նահանգի Խան Շեյխուն ավանի վրա օդային հարձակումից հետո, 4-ը ապրիլի, 2017թ․

Human rights watch իրավապաշտպան կազմակերպությունը Սիրիայում քիմիական հարձակումների մասին զեկույց է հրապարակել՝ ներկայացնելով սիրիական բանակի կողմից քիմիական զենքի կիրառման նոր ապացույցներ։

Իրավապաշտպանների կողմից հրավիրված անկախ փորձագետներն ուսումնասիրել են լուսանկարները և եկել այն եզրակացության, որ Սիրիայի Իդլիբ նահանգում կիրառվել են խորհրդային արտադրության ավիառումբեր՝ զարին գազով։ Զեկույցում ներկայացված են նաև քիմիական հարձակման ականատեսների վկայությունները։

Ըստ իրավապաշտպանների, Ասադի ռեժիմը պարբերաբար դիմում է քիմիական զենքի կիրառմանը։

France Press-ի տվյալներով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ աշխատանքային խումբ է պատրաստում, որը կազմելու է Սիրիայում պատերազմական հանցագործությունների ցանկը։ Այդ փաստաթուղթը կոչված է օգնելու միջազգային դատական մարմիններին մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։