Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ հայաստանյան գրեթե բոլոր կառույցներում՝ սկսած նախարարություններից, վերջացրած մասնավոր կառույցներով, ընտրությունների ժամանակ միշտ մարդկանց ցուցակագրել են, պարտադրել են քվեարկել կոնկրետ կուսակցության, կամ կոնկրետ անհատների օգտին։
Ցանկացած երկում, եթե կա գործազրկություն, ապա աշխատողները գերկախվածության մեջ են ընկնում գործատուներից, ասաց իրավապաշտպանը՝ նշելով, որ Հայաստանում աշխատողները ևս կախված են գործատուներից։
«Մենակ այս ընտրության [խորհրդարանական ընտրության] ժամանակ չէ, բոլոր ընտրությունների ժամանակ էլ նման բաներ եղել են։ Ուղղակի այս անգամ այդ ձայնագրությունն [ՍԱՍ գրուպի ժողովի ժամանակ արված ձայնագրությունը] ի հայտ եկավ։ Եթե նախորդ ընտրությունների ընթացքում որևէ մեկը խնդիր դներ իր առաջ, կամ թեկուզ էս ընտրության ժամանակ որևէ մեկը խնդիր դներ իր առաջ՝ ունենալ նման կարգի բազմաթիվ ձայնագրություններ, ապա կունենայինք։ Դրա փայլուն օրինակը Իոաննիսյանի օրինակն էր, որ նման խնդիր դրեց՝ պարզել է թե ինչ է տեղի ունենում դպրոցներում կամ մանկապարտեզներում և պարզվեց։ Վստահ եմ, որ վերից վար մեր հանրապետությունում բոլոր կառույցներում՝ սկսած նախարարություններից, վերջացրած մասնավոր կառույցներով ցուցակագրվել են մարդիկ, միշտ նախկինում և այս անգամ նույնպես, և պարտադրվել է այդ մարդկանց քվեարկել կոնկրետ կուսակցության օգտին կամ կոնկրետ անհատների օգտին», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը՝ նշելով, որ Հայաստանում «այս կարգի խախտումները՝ ընտրությունների փուլում մարդկանց ստիպել գնալ և քվեարկել կոնկրետ մարդու կամ կոնկրետ կուսակցության օգտին, ցուցակագրել, հավաքագրել արվում է համակարգված»։
«Սա ՍԱՍ-ի նախաձեռնությունը չի, կառավարությունների, նախարարությունների մակարդակով հավաքագրվում են նաև նախարարությունները, էդ վերահսկող կառույցների աշխատակիցներն են հավաքագրվում, հակառակ դեպքում նրանք ևս կկորցնեն իրենց աշխատանքը։ Այս առումով մարդու ոչ միայն աշխատանքային իրավունքն է խախտվում, մարդը դրվում է նվաստացված վիճակում», - եզրափակեց Հարությունյանը։
Հիշեցնենք, ընտրություններից մի քանի օր անց Hayastan24.com կայքում հրապարակվեց մի ձայնագրություն, որտեղ, մի տղամարդ ՍԱՍ Գրուպի աշխատակիցներին հորդորում է ձայներ բերել Հանրապետականի ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի համար, հակառակ դեպքում նրանց հետ շատ վատ կվերաբերվեն կամ կազատեն աշխատանքից։
Փաստաբան Արամազդ Կիվիրյանի խոսքով՝ այստեղ կա նաև աշխատողների իրավունքների ոտնահարում։
«Սակայն այն, ինչ տեղի է ունենում, կարծում եմ, որ տվյալ դեպքում բացառապես սոցիալական արմատներ ունի, այսինքն՝ աշխատողներն, ովքեր որ ունեն այսօրվա դրությամբ սոցիալական խնդիրներ, որոշակի առումով նաև կախված են իրենց գործատուներից, կախված են իրենց աշխատատեղերից՝ ինչպիսի պայմաններում այդպիսի խնդիրներ են առաջ գալիս։ Այսինքն՝ իրականում պետական մակարդակով, եթե բնակչության սոցիալական հարցերը լուծվեին և աշխատողն իրապես ապահով կլիներ, որ իր խախտված իրավունքները որոշակի ձևով կվերականգնվեն կամ կապահովվեն, կիրացվեն, կարծում եմ, որ այսպիսի խնդիրներ չէին առաջանա ի սկզբանե», - ասաց փաստաբանը։
Հարցին, թե գործազրկության բարձր մակարդակը նպաստո՞ւմ է աշխատող անձանց իրավունքների խախտման դեպքերի ավելացմանը, Կիվիրյանը պատասխանեց. - «Իհարկե, որովհետև նաև նույն աշխատողներն իրենք ունեն խնդիր՝ այդ աշխատատեղը պահպանելու վերաբերյալ և, բնականաբար, իրենք զուտ այդ նկատառումներից ելնելով, գնում են այս կամ այն քայլերի, թեկուզ գործատուների կողմից պարտադրվող ինչ-որ անօրինական գործողությունների կատարման»։
Փաստաբանը հավելեց, որ այստեղ ոչ միայն Քրեական օրենսգրքի դրույթներն են խախտվել, այլև Սահմանադրության, Աշխատանքային օրենսդրության։ «Ունենք նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք, որը նույնպես որոշակի առումով կարգավորում է այդ հարաբերությունները, այսինքն՝ որոշակի առումով այդ դրույթները նույնպես խախտվել են։ Կարծում եմ, որ հետագայում նույնպես անհրաժեշտ կլինի, որպեսզի դրանք որակվեն նաև այդ հոդվածների լույսի ներքո, այսինքն, իրավունքների խախտումը արձանագրվի նաև այդ հոդվածների տեսանկյունից, որը որ կլինի իրավաչափ», - ասաց Կիվիրյանը։