Անգելա Մերկելն այսօր կժամանի Ռուսաստան

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերջին երկու տարվա ընթացքում առաջին անգամ աշխատանքային այցով այսօր կժամանի Ռուսաստանի Դաշնություն:

Ռուսաստանի նախագահի՝ Սոչիում գտնվող ամառային նստավայրում Մերկելն ու Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը կքննարկեն Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունները, որոնցում Ռուսաստանի դերակատարությունը Բեռլինն անընդունելի է համարում։

Հանդիպման նախաշեմին երկու կողմերը միաձայն հայտարարել են, թե Ուկրաինայի հարցում բեկում չի լինի։ Հենց Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններն են Բեռլինի և Մոսկվայի՝ սառը պատերազմից ի վեր ամենալարված հարաբերությունների պատճառը։ Գերմանիայի իշխանությունները Մոսկվայից շարունակաբար պահանջում են կատարել մինսկյան համաձայնությունները և նպաստել ավելի քան 10 հազար մարդու կյանք խլած ուկրաինական հակամարտության կարգավորմանը։

Գերմանացի և ռուսաստանցի պաշտոնյաները հայտնում են, որ երկու առաջնորդները երեքուկես ժամանոց հանդիպման ընթացքում կքննարկեն նաև էներգետիկ և տնտեսական կապերը, ինչպես նաև հուլիսին Համբուրգում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովը, որում Մերկելը լինելու է ընդունող կողմը։ Ենթադրվում է որ Մեծ քսանյակի գագաթնաժողովին տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Գերմանական կողմը հայտնում է, որ Մերկելը Պուտինի հետ հանդիպմանը մտադիր է քննարկել նաև Չեչնիայում համասեռամոլների հետ կապված խնդիրները, Ռուսաստանում իրավապաշտպանների դեմ գործադրվող բռնաճնշումները։

Արևմտյան մամուլը նկատում է, որ այս հանդիպման լեզուն, ինչպես միշտ, ամենահեշտ լուծվող հարցն է։ Մերկելը, ինչպես հայտնի է, վարժ ռուսերեն է խոսում, իսկ Պուտինն, իր հերթին, գերմաներեն գիտի, որը սովորել է դեռևս կոմունիզմի ժամանակներում՝ Դրեզդենում КГБ-ի շարքերում ծառայության ժամանակ։

Սևծովյան քաղաքում սպասվող հանդիպումը, սակայն, մեծ հույսեր չի ներշնչում՝ ո՛չ Մոսկվայում, ո՛չ Բեռլինում։ Այդուհանդերձ, ինչպես պնդում է Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը, Գերմանիայի կանցլերը Կրեմլի ղեկավարի հետ, մասնավորապես, Ուկրաինայի հարցով պետք է կոշտ երկխոսություն ունենա։ «Ռուսաստանը պետք է գիտակցի, որ պարտավոր է կատարել իր ստանձնած պարտավորությունները Դոնբասի հակամարտության կարգավորման հարցում, և քանի դեռ չի կատարել դրանք, պատժամիջոցների թուլացման մասին խոսք անգամ լինել չի կարող», - գերմանական «Դոյչե Վելլե»-ի հետ զրույցում ասել է Լամբսդորֆը։