Երևանի ավագանու քարոզարշավի կիզակետում այսօր աղբահանության խնդիրն էր

Ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում այսօր երթով հասավ Նուբարաշենի աղբավայր: Գարշահոտություն և այրվող աղբակույտեր. պատկերն ըստ Փոստանջյանի լավագույնս բնութագրում է քաղաքային իշխանության վերաբերմունքը Երևանին:

«Մեզ բոլորիս են այսպես վերաբերվում, և նաև մեր սրտերն են փորձում վերածել այսպիսի աղբի այդ կաշառքներով և ճնշումներով, որ բանեցրել են», - հայտարարում էր ընդդիմադիր գործիչը:

Ըստ Փոստանջյանի, տարիներ շարունակ աղբավայրը կարգի բերելու ուղղությամբ ոչ մի ջանք քաղաքային իշխանությունները չեն ներդրել, մինչդեռ այն վտանգավոր է յուրաքանչյուր երևանցու համար․ - «Հիմա շարունակվում է նույն ձևով շահագործվել այս աղբավայրը, և այս թունավոր արտանետվող գազերը վարակում են ողջ շրջակա միջավայրը: Բացի նրանից որ այս ծուխն է գնում, նաև ստորգետնյա գրունտային ջրերով նույնպես կեղտոտվում է ամբողջ մեր շրջակա միջավայրը: Սա հանցագործություն է մեր սերունդների նկատմամբ»:

Մինչև Փոստանջյանն աղբավայրի վտանգներն էր թվարկում, Նուբարաշեն վարչական շրջանի մեկ այլ հատվածում իշխող Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը աղբավայրը կանաչ գոտու վերածելու խոստումներ էր տալիս․ - «Այն աղբավայրը, որը տեսնում եք այսօր, որը թե՛ Նուբարաշենի մուտքն է, թե՛ նուբարաշենցիների համար միշտ տհաճ վիճակի է բերում, և այն հոտը, ծուխը, որը ամառվա ընթացքում տեսնում եք, ես համոզված եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում այդ ամենը կմնա պատմություն: Մենք այդտեղ ստեղծելու ենք կանաչ գոտի»:

2011 թվականից Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանը նուբարաշենցիներին այսօր վստահեցնում էր, որ անցած 6 տարիների ընթացքում, քաղաքային իշխանությունները ձեռքները ծալած չեն նստել, ծանոթ են գրեթե յուրաքանչյուր երևանցու խնդիրներին, դրանց մեծ մասը ներառված է ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում․ - «Եկել ենք մեր թիմով ձեզ խնդրելու, որ հնարավորություն տաք շարունակենք մեր բոլոր ծրագրերը, մեր նախընտրական ծրագիրը, որը ներկայացնում ենք ձեզ, որը Երևան քաղաքի համար շատ կարևոր է: Եվ այս թիմը՝ փորձառու թիմը, համոզված եմ՝ դա կարող է կյանքի կոչել»:

Մինչ Տարոն Մարգարյանը Երևանի ծայրամասում գտնվող աղբավայրը կանաչ գոտու վերածելու խոստումներ էր տալիս, ընդդիմադիր «Ելք» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մայրաքաղաքի կենտրոնի աղբավայրերն էր արձանագրում․ - «Տեսե՛ք, հարգելի՛ լրագրողներ, ասում են՝ Երևանում աղբահանության խնդիրը լուծված է: Խնդրեմ՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանը: Այնտեղի աղբակույտերը չգիտեմ տեսաք, թե չտեսաք: Խնդրում եմ՝ նկարեք Կենտրոն վարչական շրջանի աղբահանության վիճակը արձանագրելու համար»:

«Հուսահատության գազելներից, կաթող տանիքներից ելք կա», - Կենտրոն վարչական շրջանում հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։