Մադուրոն փորձում է զսպել հանրային բողոքի ալիքը, խոստանալով աշխատավարձերի 60 տոկոսով բարձրացում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո, արխիվ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրի բյուջետային հատվածում ընդգրկված աշխատողների (զինծառայողներ, իրավապահներ, բժիշկներ, ուոսուցիչներ և այլն) աշխատավարձերը շուրջ 60 տոկոսով բարձրացնելու մտադրության մասին: Այս մասին Մադուրոն ասել է իր ամենշաբաթյա հեռուստաուղերձի ժամանակ:

Վերջին շաբաթներին նավթով հարուստ, սակայն առավելապես աղքատ բնակչությամբ այս երկրում հակակառավարական զանգվածային ցույցեր են տեղի ունենում, որոնք ուղեկցվում են ոստիկանների հետ կատաղի բախումներով: Այդ բախումներին արդեն իսկ զոհ են գնացել տասնյակ մարդիկ: Ցուցարարները պահանջում են իշխանությունների հրաժարականը, պնդելով որ հենց կառավարությունն է քաղաքական և տնտեսական ճգնաժամի պատասխանատուն:

Վենեսուելայում եռանիշ սղաճի և առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայության պայմաններում առանց այդ էլ վատ ապրող մարդկանց համար երկրի գերագույն դատարանի վերջին որոշումը դարձավ դժգոհ զանգվածին փողոց դուրս բերելու հիմնական պատճառը: Այդ որոշմամբ դատարանը, օրենսդրական լիազորություններով օժտելով նախագահ Մադուրոյին, վերջինիս, ըստ էության, հնարավորություն տվեց իր որոշումներում շրջանցել ընդդիմության վերահսկողության տակ գտնվող խորհրդարանը: