Ձերբակալվել է Բելառուսի ընդդիմության առաջնորդը

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Միկալայ Ստատկևիչը ձերբակալվել է վաղը՝ մայիսի 1-ին, մայրաքաղաք Մինսկում նախատեսված բողոքի ակցիաներից առաջ:

Ձերբակալության փաստը հաստատել է Ստատկևիչի կինը՝ Մարինա Ադամովիչը: Նրա փոխանցմամբ, ամուսնու ձերբակալության դրդապատճառների մասին տեղեկություն չկա:

Ստատկևիչը 2010-ը թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին, որոնք, պաշտոնական արդյունքների համաձայն, շահել է երկիրը 1994 թվականից ղեկավարող ավտորիտար նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան:

Ստատկևիչը 2010 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի լայնածավալ ցույցերից հետո մեղադրվել է զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ և 5 տարի անցկացրել է բանտում:

Բելառուսի պետական անվտանգության ծառայությունը Ստատկևիչին այս տարվա մարտի 25-ին 3 օրով կալանավորել է, ասելով, որ նրան կասկածում են 2011 թվականին ահաբեկչական գրոհներ ծրագրելու մեջ: