ԱՄՆ-ում հազարավոր ցուցարարներ բողոքել են Թրամփի բնապահպանական քաղաքականության դեմ

ԱՄՆ-ի մայրաքաղաքում և այլ վայրերում տասնյակ հազարավոր ցուցարարներ երթի են դուրս եկել` իրենց բողոքն արտահայտելով գլոբալ տաքացման և բնապահպանական խնդիրների հարցում նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ:

Վաշինգտոնում տասնյակ հազարավոր ցուցարարներ երթով անցել են Սպիտակ տան և «Թրամփ ինտերնացիոնալ» հյուրանոցի մոտով: Ցուցարարները հատկապես դժգոհ են Բնապահպանական պետական գործակալության գործառույթները մեծապես կրճատելու` Թրամփի վարչախմբի առաջարկությունից: Սպիտակ տունը նաև մտադիր է դուրս գալ Փարիզի պայմանագրից. գլոբալ ջերմացման դեմ համատեղ պայքարի մասին այս միջազգային պայմանագրին միացել է ավելի քան 190 պետություն: Բացի այդ, Թրամփը մտադիր է չեղյալ հայտարարել ածուխով աշխատող ջերմաէլեկտրակայանների աշխատանքը սահմանափակող օրենքները և թույլատրել նավթի և գազի արդյունահանում իրականացնել ԱՄՆ-ի ազգային պարկերի տարածքներում:

Վաշինգտոնի երթի կազմակերպիչների խոսքով, ամբողջ ԱՄՆ-ի տարածքում շուրջ 300 նմանատիպ ցույցեր են անցկացվել: