Ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ, հայաստանյան շուկայում հայտնված ադրբեջանական խնձորը, ըստ նախնական տվյալների, ներկրվել է անօրինական եղանակով և այժմ միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչվող անձանց բացահայտելու ուղղությամբ:
«Ազատության» հարցմանն ի պատասխան ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնել են. - «ՀՀ տարածք ադրբեջանական խնձորի առերևույթ ապօրինի ներկրմանը ՀՀ իրավասու մարմինների պաշտոնատար անձանց հնարավոր առնչությունը պարզելու նպատակով Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումը իրականացրել է մի շարք ստուգողական գործողություններ: Դրանց արդյունքում, մասնավորապես, տվյալներ են ստացվել ներկրում իրականացրած հնարավոր անձանց շրջանակի, ինչպես նաև ներկրման եղանակի վերաբերյալ, որը, ըստ նախնական տվյալների, եղել է անօրինական: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչակից այլ անձանց բացահայտելու և ներկրման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»:
Հինգշաբթի՝ ապրիլի 27-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ադրբեջանական խնձորի հնարավոր մաքսանենգությունից խոսեց նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը: - «Ենթադրվում է, որ դա ներկրվել է մաքսանենգ ճանապարհով, եթե Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բազայում առկա չէ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկողության շրջանակներում նշված խմբաքանակի ներկրման որևէ դեպք իր բազայում չունի», - նշել էր պաշտոնյան:
Այս ամենի ֆոնին՝ օրեր շարունակ լրագրողների համար շարունակում է անհասանելի մնալ մաքսանենգության դեմ պայքարի համար պատասխանատու պետական մարմնի՝ Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանը:
Շարունակվող աղմկահարույց պատմության կապակցությամբ ՊԵԿ-ը բավարարվել է ընդամենը ապրիլի 26-ին տարածած հայտարարությամբ, ըստ որի՝ խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ, և կոմիտեն նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով: