Ապրիլի 29-ին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի կունենա Թատերական գործիչների միության «Արմմոնո» թատերական միջազգային 15-րդ փառատոնի բացումը:
Արդեն տարիներ շարունակ մեր մշակութային կյանքում իր տեղն ունեցող մոնոներկայացումների ամենամյա այս փառատոնը հիմնադրման հոբելյանական տարում մեր հանդիսատեսի, մեր թատերասերների համար բավական ուշագրավ ծրագիր է նախապատրաստել:
Ապրիլի 29-ից մայիսի 3-ն մայրաքաղաքի տարբեր բեմերում 9 երկրներից ժամանած թատերական գործիչները կներկայացնեն իրենց բեմադրած 28 ներկայացում: Ներկայացումների մուտքը, ի դեպ, անվճար է:
Փառատոնի այս տարվա առանձնահատկությունները ներկայացնում է Թատերական գործիչների միության քարտուղար Մարիաննա Մխիթարյանը․ - «Մենք մեզ համար նախատեսեցինք տարբեր մոնոժանրեր: Աստղային ներկայացումներից եթե խոսենք, դա կլինի Ռոբերտ Ստուրուայի բեմադրությամբ «Պսիխոզ 4-48»-ը և Ուկրաինայի ժողովրդական արտիստուհի Լարիսա Կադիրովայի մասնակցությամբ շատ հետաքրքրիր ներկայացում, որը արդեն տարբեր փառատոներում արժանացել է գրան պրիների և տարբեր մրցանակների: Կնտեսնենք իսպանական Լորկա՝ «Արյունոտ հարսանիք»:
Այս տարվա փառատոնի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ առաջին անգամ «Արմմոնոյի» պատմության մեջ ծրագրում ընդգրկված են նաև օպերային 2 մոնոներկայացում՝ Արսեն Ստեփանյանի «Մնաս բարով, Պայաց» մոնոօպերան և Լիա Սարգսյանի «Հույս» մոնոօպերան, որոնք կարող եք դիտել մայիսի մեկին Կամերային պետական երաժշտական թատրոնում:
«Այս տարի Գավառի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սաֆարյանը բեմադրել է «Տունը» ներկայացումը, և փառատոնի համար, ես կարծում եմ, դա նույնպես կդառնա առաջնահերթություն, որպեսզի մեր մարզային փատրոնները անպայման մասնակցեն մոնոներկայացումներով», - ասաց Մխիթարյանը:
Ապրիլի 29-ին փառատոնի բացման հանդիսությունից անմիջապես հետո թատերասերները կարող են ներկա գտնվել մեր անվանի դերասանուհի Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է » մոնոներկայացման պրեմերային:
Այսօր հրավիրած ասուլիսին Նարինե Գրիգորյանը շեշտում էր, որ դեռ տարիներ առաջ մասնակցել է «Արմմոնո» առաջին միջազգային փառատոնին՝ «Հրեշտակի և սատանայի միջև» մոնոներկայացմամբ, որն իր դիպլոմային աշխատանքն է եղել և որի համար նա արժանացել է ԹԳՄ մրցանակին․ - «Սա իմ կյանքի առաջին փառատոնն է եղել և շատ մեծ դեր է ունեցել իմ կյանքում: Երևի դերասանի կոփման համար ամենակարևոր փառատոնն է: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում այդքան հարազատ է երիտասարդների համար այս փառատոնը»:
Այս անգամ փառատոնը նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին և այդ իսկ պատճառով Նարինե Գրիգորյանը վճռել է Արցախյան գոյամարտին նվիրված վավերագրական կամ ինքնավավերագրական մոնոներկայացում բեմադրել․ - «Որովհետև ես սկսեցի պրպտել իմ անցյալը, իմ հուշերը ու հասկացա, որ իսկապես այսօր այդ մասին պետք է խոսել: Դա իհարկե իմ պատերազմական մանկությունն է․․․ Պապային գերի են տարել, եղել է պահ, որ ընտանիքը ընտրության առաջ էր․ միայն մի հոգի պիտի փրկվեր ընտանիքից: Բայց այդ ամենը՝ միայն մանկական աչքերով, որը շատ յուրովի է ընկալվում: Նաև այս ամենը բերում է նրան, որ հասկանում ես, թե որտեղից է սկսվում սերը հայրենիքի հանդեպ»:
Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետության դասեր՝ նվիրված արդի թատրոնի զարգացման նոր ուղղություններին: