Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի պնդմամբ, այսօր ժամը 15-ի սահմաններում չորս անձինք Աթանեսյանի գրասենյակում հարձակում են գործել և ծեծի ենթարկել իրենց:
«Դուռը բացեցին, էդ 4 հոգով, Սիմոն Բաբայանի գլխավորությամբ, ներխուժեցին, սկսեցին հայհոյել և հարվածել: Ընդամենը վարկյաններ տևեց, 2-3 րոպեի ընթացքում: Ես տեղիցս չէի հասցրել վեր կենալ, որ առաջին հարվածը ստացա, ինչ-որ բութ բանով էր երևի: Հետո երբ շրջվեցի, ճակատիս հատվածում ստացա վնասվածքներ, պաշտպանվելու ժամանակ էլ էդ նույն գործիքով, Սիմոն Բաբայանի ձեռքում էր, ամենաակտիվը նա էր կոնկրետ իմ էպիզոդում հարվածները հասցնում, մատս էլ վնասեց:
Ուրիշ ոչ մի խոսակցություն չի եղել: Ընդամենը եղել ա հայհոյանքներ և իրենց կողմից հարվածներ: Անձնական որևէ հարաբերություն, շփում երբևէ չենք ունեցել իրենց հետ: Նույնիսկ բարև-բարլուս չի եղել: Ես գտնում եմ, որ այս ամենը Զոհրաբյան Արայի պատվերով էր կատարված, որովհետև նրանք իր մանկլավիկներն են և առանց նրա ոչ մի բան չեն կարող անել, նրա հանձնարարականն էին կատարում: Գնալու եմ հիվանդանոց, որովհետև ասացին, որ ճակատիս վնասվածքի համար անհրաժեշտ ա՝ կարեր դնեն»,- պատմեց փաստաբան Արմեն Սողոմոնյանը:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ նշեց․ «Ինձ թվում է՝ եկել էին իմ վրա հարձակվելու, չէին սպասում, որ Արմենը այստեղ կլինի: 4 հոգով էին, հենց եկել էին այդ նպատակով, խուլիգանական դրդումներով, այսինքն՝ խուլիգանության հանցակազմն, իմ կարծիքով, առկա է: Ինձ էլ են հարվածել, ինձ էդ սրիկան՝ Խաչիկյանը, սև գոտի ունի կարատեի, խեղդամահ էր անում, պարզապես խեղդամահ էր անում, շունչս կտրվել էր: Երեքով էլ հարձակվել էին Արմենի վրա: Ես կարողացա մի պահ դուռը բացել, օգնություն կանչել, հարևան գրասենյակներից սկսեցին մոտենալ, աշխատողս էլ ականատեսն ա էդ ամեն ինչի, այդտեղ կանգ առան»:
Ամիսներ շարունակ Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանի հետ հեռակա բանավեճի մեջ գտնվող փաստաբան Տիգրան Աթանեսյանի պնդմամբ՝ իրենց վրա հարձակում գործողները հենց փաստաբանական կառույցի ներկայացուցիչներն էին․ մասնավորապես՝ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը, Փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը ու ևս մեկ անձ:
Տիգրան Աթանեսյանը վստահ է՝ տեղի ունեցածի հետևում հենց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն է կանգնած: «Բացարձակ անձնական խնդիրներ չունեմ այդ անձանց հետ, եկել էին հարձակման առումով, կարելի է ասել, անծանոթ մարդիկ: Նրանք զուգարան չեն գնում առանց Արա Զոհրաբյանի թույլտվության, նրա սպասարկուներն են, մանկլավիկներն են և առանց իր հանձնարարության երբևէ նման բան չէին անի, համոզված եմ»,- ասաց Աթանեսյանը
Ծեծի ենթարված փաստաբանները դիմել են ոստիկանություն, «Ազատության» այցի պահին իրավապահներն արդեն բացատրություն էին վերցնում բռնության ենթարկվածներից: Փաստաբանների պալատի նախագահն ու միջադեպի հետ կապվող անձինք չցանկացան հանդիպել լրագրողների հետ: Այդուհանդերձ, երկրի միակ փաստաբանական պալատի ղեկավար Արա Զոհրաբյանն արդեն հայտարարությամբ է հանդես եկել, պնդելով, որ «դատապարտում է ցանկացած բռնություն, ինչպես նաև վիրավորանք և զրպարտություն պարունակող հայտարարություններն ու հրապարակումները, առավել ևս, երբ կողմերը փաստաբաններ են»:
«Անշուշտ ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Միևնույն ժամանակ, հորդորում ենք զերծ մնալ զգացմունքային և չստուգված հայտարարություններից և միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձևավորել», - ասված է Զոհրաբյանի հայտարարությունում։
Այսօր բռնության ենթարկված փաստաբան Տիգրան Աթանեսյանը շուրջ երեք ամիս առաջ Փաստաբանների պալատում տեղի ունեցած խորհրդի ընտրությունները «ողբերգություն» էր որակել, պնդելով, որ պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կազմակերպել է կեղծիքներ ու ճնշումներով է ձևավորել իրեն ցանկալի խորհրդի կազմը: Պալատի ղեկավարը հերքում էր այդ մեղադրանքները: