Աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի, այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով աշխատանքի և սոցիալական հարցերի և արդարադատության նախարարներին ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և 9-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների նախագիծ կամ նոր օրենսգիրք, որը համահունչ կլինի կառավարության որդեգրած ծրագրին և ժամանակակից եվրոպական մոտեցումներին:
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ինչպես նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը վերջերս ներկայացրել են Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկություններ, որոնք կոչված են թեթևացնել վարչական բեռը գործատուների համար: Այդ նախագծերի քննարկումները ցույց տվեցին, որ թեև իրենք պարունակում են խիստ անհրաժեշտ կարգավորումներ, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է, և Աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի», - ասել է վարչապետը։
Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև արագացնել արդեն իսկ մշակված օրենսդրական նախագծերի ընդունումը, որպեսզի այս իննամսյա ժամանակահատվածում կարողանան արձանագրել շոշափելի առաջընթաց նշված ուղղությամբ: