Ադրբեջան հասավ ռուսական զենքի ու զինտեխնիկայի հերթական խմբաքանակը

Ադրբեջան - Բաքվի զենքի ցուցահանդեսում ցուցադրված զրահամեքենաներ, արխիվ

Երեկ Ադրբեջան է հասել ռուսական զենքի և նորագույն ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ։ Զենքն ու զինտեխնիկան Ռուսաստանը մատակարարել է Ադրբեջանին երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին ավելի վաղ ստորագրված համաձայնագրի շրջանակում։ Այս մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարարության հաղորդագրությունը վկայակոչելով գրել է ռուսական և ադրբեջանական մամուլը։

Զենքն ու զինտեխնիկան Ադրբեջան է հասել ծովային ճանապարհով, թե հատկապես ինչ տեխնիկայի մասին է խոսքը՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը չի մանրամասնում, սակայն տարածած տեսագրությունում և լուսանկարներում երևում են զրահամեքենաներ։

Զենքի և ռազմական տեխնիկայի հետ միասին Ադրբեջան են ժամանել նաև ռուսաստանցի մասնագետներ։ Նրանք պետք է սովորեցնեն ադրբեջանցի գործընկերներին, թե ինչպես օգտագործել այդ զենքն ու տեխնիկան։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը սկսել է ակտիվորեն ռուսական զենք գնել 2000-ականների սկզբից, 2003 թվականին Մոսկվան և Բաքուն կնքել են ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր, որի շրջանակում այնուհետ ստորագրվել են զենքի մասին բազմաթիվ պայմանագրեր։ Ամենախոշոր գործարքը Ադրբեջանը կնքել էր Ռուսաստանի հետ 2010-ին, որի շրջանակում Բաքուն շուրջ 4 միլիարդ դոլարի զենք է ու զինտեխնիկա էր գնել Մոսկվայից, այդ թվում՝ 100 հատ T90C տանկ, մի քանի տասնյակ «Սմերչ» և «Սոլնցեպյոկ» համակարգեր։