Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի 6 օրերի ընթացքում քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նկատել է՝ երևանցիները անհամբեր սպասում են փոփոխությունների:
«Ես ինքս պետք է արդարացնեմ այդ սպասումները: Ես կարող եմ․ մենք ունենք ծրագիր, մենք ունենք հստակ ուղղվածություն և դիրքորոշում, որը տարիներ շարունակ չի փոխվել: Ունենք նաև քաղաքական հսկայածավալ փորձ․ ես անձամբ ինքս ունեմ այդ փորձը: Ունենք վստահություն և աջակցություն համասփյուռ հայությունից, և սա մեզ ավելի է ուժեղացնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածուն:
Քարոզարշավը սկսելով Ազատության հրապարակից՝ «Երկիր ծիրանին» քայլերթ անցկացրեց Երևանի կենտրոնական փողոցներում, ողջունելով անցորդներին ու խոստանալով ընտրվելու դեպքում «քաղաքը մաքրել աղբից»՝ բառի բուն և փոխաբերական իմաստով։ Ըստ Փոստանջյանի՝ կոռուպցիան ևս աղբ է․ - «Մաքրել անարդարությունից, մաքրել կոռուպցիայից, մաքրել ապօրինություններից: Այս ամբողջը միասին, իհարկե մեծ աղբ է, որը կուտակվել է տարիներ շարունակ»:
Տրանսպորտից մինչև գործազրկություն ու աշխատանքային անվայել պայմաններ. Փոստանջյանի կարծիքով՝ Երևանի խնդիրները տարեցտարի բազմապատկվել են՝ գագաթնակետին հասնելով Տարոն Մարգարյանի իշխանության տարիներին․ - «Հիմնականում Երևանի բնակիչները չունեն աշխատանք, չունեն աշխատանքային հարիր պայմաններ և նաև իրենց կենցաղը այսօր շատ դժվար է կազմակերպել: Այս ամենը նաև մտահոգում է բոլորիս և մատնացույց է անում, որ Երևանը վաղուց այլևս այն դրախտային քաղաքը չէ»:
Թեև Երևանում կենտրոնացած է Հայաստանի տնտեսական շարժի առյուծի բաժինը, այնուամենայնիվ Աբովյան փողոցով շրջող Փոստանջյանը նկատեց՝ խանութները գրեթե դատարկ են, առևտուր չկա, այցելուներ չկան․ - «Այս պատկերը տիրում է ոչ միայն այստեղ, այլ նաև տոնավաճառներում: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում իրոք խորը ճգնաժամ է: Դա առաջին հերթին քաղաքական է, որը հանգեցնում է նաև տնտեսական ճգնաժամի»:
«Երկիր Ծիրանիի» ներկայացուցիչների ձևակերպմամբ «քաղաքապետարանը վերցնելու» դեպքում հնարավոր է ճեղքել քաղաքական ու տնտեսական ճգնաժամը ողջ երկրում․ - «Եթե դու փոխում ես Երևանը, հաստատում ես կարգուկանոն և հանրության հետ խոսում ես իրավունքի գերակայության և օրենքի լեզվով, ապա կարելի է ասել՝ մենք ճեղքում ենք ճգնաժամը և ազատագրում ենք ողջ Հայաստանը»:
Իր թիմի հետ Երևանի կենտրոնում շրջող քաղաքապետի թեկնածուն մտնում էր նաև խանութներ։ Տոնական զգեստներ վաճառող խանութի կառավարիչը բողոքեց հարկային համակարգից՝ պնդելով, որ որպես բիզնես մի կերպ են գոյատևում։
Ի դեպ, տարբեր փողոցներում փողոցային երաժիշտները Փոստանջյանին տեսնելուն պես, ասես պայմանավորված՝ կատարում էին «Երևանի սիրուն աղջիկ» երգը։