Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան` վիճարկելով ապրիլի 16-ին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքները:
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` այս մասին այսօր հայտարարել է ԺՀԿ-ի փոխնախագահ և կուսակցության խոսնակ Սելին Սայեք Բյոքեն:
«Առանց կնիքի քվեարկությունից հետո անօրինական հանրաքվեի արդյունքների ենք ականատես: Մեզ համար առաջնահերթություն է պաշտպանել մեր բոլոր քաղաքացիների իրավունքն ու օրենքը: Այդ պատճառով էլ առաջիկայում դիմում կներկայացնենք ՄԻԵԴ»,-հայտնել է Բյոքեն կուսակցության կենտրոնական ղեկավարության նիստի ժամանակ:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ի` 13 տարվա ընդմիջումից հետո Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի մոնիտորինգը վերսկսելու վերաբերյալ նախօրեին կայացրած որոշմանը՝ ԺՀԿ-ի խոսնակ Սելին Սայեք Բյոքեն նշել է, որ այդ որոշումը Թուրքիային 13 տարի հետ է տանում, ինչը շատ ծանր իրողություն է: