Երևանում առաջին անգամ կանցկացվի միջազգային օպերային փառատոն

Փառատոնի կազմակերպիչների ու մասնակիցները ասուլիսը:

Ապրիլի 27-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կմեկնարկի «Երևան առաջին միջազգային օպերային փառատոնը»: Հայաստանում նախադեպը չունեցող այս փառատոնը նախաձեռնել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանդին Օրբելյանը՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Այս տարի փառատոնի մասնակիցների թիվը մեծ չէ, բայց նրանք երիտասարդ, խոստումնալից և արդեն աշխարհի լավագույն օպերային բեմերում հանդես եկող և համաշխարհային ճանաչում ունեցող մենակատարներ են:

Նրանցից են՝ Սթիվեն Կոստելլոն Միացյալ Նահանգների Մետրոպոլիտեն օպերայից , Բարբարա Ֆրիտոլին՝ Իտալիայից, Մետրոպոլիտեն օպերիային թատրոնի մեկ այլ մենակատար՝ ռուսաստանցի Ռոդիոն Պողոսովը։ Մետրոպոլիտենից այս փառատոնին մասնակցում է նաև հանրահայտ բարիտոն՝ Գեորգի Գագնիձեն:

Փառատոնը 3 օր է տևելու: Օպերային երգարվեստի այս առաջին փառատոնը նվիրված է մեր լավագույն մեներգիչներից Գեղամ Գրիգորյանի հիշատակին:

Փառատոնին մասնակցում է նաև Գեղամ Գրիգորյանի դուստրը՝ սոպրանո Հասմիկ Գրիգորյանը՝ Լատվիայից:

Մեր օպերային թատրոնը փառատոնին ներկայացնում են երիտասարդ մենակատարներ Հասմիկ Թորոսյանն ու Առնոլդ Քոչարյանը: Հենց նրանց ու ամերիկացի երիտասարդ անվանի տենոր Ստիվեն Կոստելլոյի մասնակցությամբ ապրիլի 30-ին օպերային թատրոնում կներկայացվի Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերան:

Փառատոնի համերգները կղեկավարի Կոնստտանդին Օրբելյանը, իսկ «Տրավիատայի» բեմադրությունը՝ Մեծ Բրիտանիայից հրավիրյալ դիրիժոր Քրիս Ռուսմանը:

Այսօր հրավիրված ասուլիսում թե՛ փառատոնի մասնակիցները, թե՛ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանդին Օրբելյանը շեշտեցին, որ փառատոնի ծրագիրն առաջարկել են մասնակից մենակատարները:

Ամերիկացի տենոր Ստիվեն Կոստելլոն, որ հանդես է գալիս աշխարհի լավագույն օպերային թատրոններում և այսօր համարվում աշխարհի երիտասարդ լավագույն տենորներից մեկը, շեշտում էր, որ մեծ սիրով է եկել Հայաստան և ուրախությամբ է մասնակցելու փառատոնին:

Հասմիկ Գրիգորյանը, ով ծնվել և բնակվում է Վիլնյուսում և իրեն ազատ արվեստագետ է համարում, երազում է օրերից մի օր Հայաստանում իրականացնել հոր՝ Գեղամ Գրիգորյանի երազանքը՝ հիմնադրել օպերային երգարվեստի ակադեմիա: Նա վստահ չէ, որ կհաջողվի դա անել մոտ ապագայում, բայց ասում էր, որ հետագայում, իր այստեղ ծնված և բնակվող եղբայրների հետ միասին անպայաման կփորձեն իրականություն դարձնել օպերային արվեստի ակադեմիան:

Մեր օպերային թատրոնի մենակատար Հասմիկ Թորոսյանն ասաց․ - «Ինձ համար շատ մեծ պատիվ է այսօր ներկայացնել Հայաստանի օպերային ազգային թատրոնը: Ես շատ հաճախ լինում եմ արտերկրում, այսօր կարող եմ ասել, որ ամենաերիտասարդն եմ ու միգուցե ամենաքիչ փորձառուն: Կարծում եմ, որ շատ կարևոր են նման փառատոները մեր երկրի համար, քանի որ երկար տարիներ մենք չենք ունեցել այդ շփումը Եվրոպայի օպերային արվեստի հետ: Քանի որ այս արվեստը մասսայական չէ, դասական է և միջազգային է, շատ կարևոր է, որպեսզի շփումը լինի տարբեր երկրների ներկայացուցիչների հետ: Կարծում եմ նաև, որ շատ լավ է այդ շփումը մեր թատրոնի բոլոր երգիչների համար»: