Փաշինյան․ «Հուսահատության գազելներից ու մահվան լիֆտերից ելք կա»

Նիկոլ Փաշինյան, Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, 26-ը ապրիլի, 2017 թ․

«Ելք» դաշինքի քարոզարշավն այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ավտոտնակների տանիքների վրա անցավ: «Չհուսահատվեք ժողովուրդ ջան, որովհետև Տարոն Մարգարյանի հուսահատության գազելից, մահվան լիֆտերից, փոշու և աղբի ամպերից ելք կա»,- դիմելով բնակիչներին, բարձրախոսով հայտարարեց Փաշինյանը:

Դրական փոփոխությունների անիվը տեղից շարժվել է ապրիլի 2-ին, ընթացքը կարող են ապահովել մայիսի 14-ի ավագանու ընտրությունները, քանաքեռցիներին ասում էր Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը, բացատրելով, թե ինչպես․ «Կոռումպացված իշխանությունը փոխարինելով հաշվետու և արդյունավետ իշխանությամբ, կլանային իշխանությունը փոխարինելով ժողովրդի իշխանությամբ»:

Տանիք-պատշգամբ երկխոսության ընթացքում ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները քաղաքացիներին հավաստիացնում էին, որ ի զորու են մայրաքաղաքում իշխանափոխության հասնել, քանի որ միայն Երևանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ, մոտ 70 հազար քվե ստացան:

«Ելք»-ը քաղաքապետի պաշտոնի համար մրցում է Հանրապետական և «Երկիր Ծիրանի» կուսակցությունների հետ: Բակային քարոզարշավի ընթացքում ընդդիմադիրների քննադատության թիրախում, սակայն, միայն Տարոն Մարգարյանն էր: «Ելք»-ի ներկայացուցիչները հենց գործող քաղաքապետին են մեղադրում մայրաքաղաքի խնդիրների չլուծված լինելու համար:

Ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները երևանցիներին վստահեցնում էին, որ իշխանության գալու դեպքում մայրաքաղաքում չեն լինի վթարային շենքեր, վտանգավոր վերելակներ ու անմխիթար բուժհաստատություններ: Այս ամենը դաշինքը մտադիր է իրականցնել «քաղաքի բյուջեի արդյունավետ կառավարման միջոցով»:

Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում մարդիկ հիմնականում տեղյակ էին Երևանյան ընտրություններին, նաև ծանոթ էին «Ելք»-ի ավագանու թեկնածուներին ու ներկայացրած ծրագրերին։ Քաղաքացիների մի մասը, սակայն, նշում էր, որ ընտրություն կատարելու համար այլ սկզբունքով են առաջնորդվելու։ Նրանցից մեկն, օրինակ, դաշինքին կոնկրետ պահանջ ներկայացրեց՝ «Ով իմ տան ճամապարն ասֆալտապատի, նրան կընտրեմ»: