Ուկրաինայում 31 տարի առաջ այս օրը՝ 1986 թվականի ապրիլի 26-ին պայթեց Չեռնոբիլի ատոմակայանի ռեակտորը:
Սա միջուկային ամենամեծ աղետն է համարվում: Ռադիացիոն ճառագայթումը տարածվեց 155 հազար քառակուսի կիլոմետրի վրա, որտեղ 7 միլիոն մարդ էր բնակվում: Վթարի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, իսկ հետագա տարիներին ճառագայթման հետևանքով մահացածների մասին ստույգ տվյալներ չկան:
Նախկին Խորհրդային Միությունը նույնիսկ թաքցրել էր միջուկային վթարի փաստը: Աղետից մի քանի օր անց հազարավոր մարդիկ դուրս էին եկել մայիսմեկյան շքերթի՝ չիմանալով, որ գտնվում են ռադիացիոն ճառագայթման տակ:
Վնասված ռեակտորի վրա անցած տարվա աշնանը նոր սարկոֆագ է կառուցվել: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու դոնոր երկրները դրա համար մեկևկես միլիարդ դոլար են հատկացրել: