Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 25-ին` ուշ երեկոյան, Չեխիայի Հանրապետության խորհրդարանից ստացվել է հաղորդագրություն, որի համաձայն, ստորին պալատը` Պատգամավորների խորհուրդը, 104 կողմ, 0 դեմ քվեների հարաբերակցությամբ ընդունել է բանաձև, որով, փաստորեն, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ թիվ 414 բանաձևը «դատապարտում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների և սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայերի ցեղասպանությունը և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաև երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները, և կոչ է անում միջազգային հանրությանն արդյունավետ կերպով կանխելու մարդու ու քաղաքացիական իրավունքների ոտնահարումներն աշխարհում և վեճերի հանգուցալուծումն իրականացնելու խաղաղ ճանապարհով»։

Բանաձևն ընդունվել է Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Րոբին Բյոհնիշի նախաձեռնությամբ։ Կողմ քվեարկած պատգամավորները ներկայացնում են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի բոլոր ութ խմբակցությունները։

«Ես կողմ քվեարկեցի, քանի որ կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ Թուրքիան ճանաչի հայերի դեմ գործած ցեղասպանությունը: Ենթադրում եմ, որ Անկարայից կլինի որոշակի արձագանք, սակայն մենք ինքնավար պետություն ենք, օրենսդիր այս մարմինն էլ է ինքնավար, և սա ժողովրդավարական որոշում էր», - ասել է Չեխիայի մարդու իրավունքների հարցերով նախարար, իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Յան Խվոյկան:

«Կարծում ենք՝ սա ճիշտ քայլ էր բարոյական տեսանկյունից», - իր հերթին, նշել է Չեխիայի փոխվարչապետ Անդրեյ Բաբիշի «ԱՆՕ» կուսակցության առաջնորդներից Յարոսլավ Ֆալտինեկը՝ հիշեցնելով, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ հարևան Գերմանիան, արդեն իսկ բավական կոշտ ու հստակ դիրքորոշում են հայտնել այս առնչությամբ:

Բանաձևի ընդունումը ողջունել է նաև Չեխիայի նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը: «Ցեղասպանության փաստն անհերքելի է, և ես ուրախ եմ, որ մենք ընդունեցինք այս բանաձևը: Անշուշտ, Թուրքիան կարձագանքի, այսօրվա նախագահը, իհարկե, մեծ աղմուկ կբարձրացնի, սակայն մենք մշտապես հանդես ենք եկել ի պաշտպանություն մարդու իրավունքների և այսօր էլ պետք է այդ մասին հիշեցնենք Թուրքիային», - ասել է Շվարցենբերգը, ով ներկայումս ղեկավարում է խորհրդարանի ստորին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:

Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց, որ Պատգամավորների պալատի ընդունած փաստաթուղթը ոչ թե օրենք է, այլ՝ բանաձև, հետևաբար, վերին պալատի` Սենատի կողմից վավերացվելու անհրաժեշտություն չունի։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդում է նաև, որ ավելի վաղ ստացվել է նախագահ Միլոշ Զեմանի` Չեխիայի հայ համայնքի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի միջոցով չեխահայերին ուղղված ցավակցական ուղերձը։

Երկրի ղեկավարի ուղերձում, որն առաջինն էր համայնքի պատմության մեջ, մասնավորապես նշված է. - «Այսօր հիշում ենք 102 տարին այն օրից, երբ հայկական հողի վրա իրականացվեց հայ բնակչության զանգվածային կոտորած: Ինչպես գիտեք, անձամբ ես մի քանի առիթներով, վերջին անգամ անցյալ տարի՝ հունիսին, Հայաստան կատարած իմ պետական այցի և Նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, այդ վայրագությունները որակեցի որպես ցեղասպանություն: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ այդ անհանգիստ ժամանակներում տեղի ունեցած իրադարձություններն այն վատթարագույնն են վայրագություններից, որոնց մարդկությունն արդի ժամանակներում ականատես է եղել»։

«Համաձայն եմ, որ պատմությունը չպետք է մեկնաբանեն քաղաքական գործիչները, քանի որ նրանց ձեռքում պատմությունը հաճախ դառնում է իրենց քաղաքական շահերին ծառայող գործիք, և անցյալի ըմբռնումը կամ մեկնաբանումը պետք է կատարեն հիմնականում պատմաբանները: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ չի կարելի չհիշել այն իրադարձությունները, որոնք ոչ միայն խլեցին 1.5 միլիոն անմեղ մարդկանց կյանքը, և պատմության մի ողբերգական շրջան են ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար», - իր ուղերձում ընդգծել է Չեխիայի նախագահը:

«Հետևաբար, թույլ տվեք, Հայր Սուրբ, հայկական հողերում կատարված զանգվածային կոտորածների կապակցությամբ Ձեր միջոցով իմ խորին ցավակցությունը հայտնել ոչ միայն Չեխիայի Հանրապետության բազմանդամ հայ համայնքին, այլև ամբողջ հայ ժողովրդին», - գրել է Միլոշ Զեմանը: