Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո առևտրականները դադարեցրին ցույցը

Երևանի տարբեր տոնավաճառների տասնյակ առևտրականների երկօրյա բողոքի ցույցն այսօր ավարտվեց իրենց համար դրական լուծումով։

Նրանք կառավարությունից պահանջում էին տոնավաճառներում հաճախակի հարկային ստուգումներ չիրականացնել և ազատել իրենց ամբողջ ապրանքաշրջանառությունը փաստաթղթավորելու բեռից։

«Մենք պետությանը չենք ուզում թալանենք: Մեր ուզածն ա, որ ժողովուրդը հանգիստ ապրի, ոչ թե հելնի նորից վախի մթնոլորտով, ներվայնացած գնա տուն», - ասաց ցույցերը համակարգող Արմեն Ներսիսյանը:

Կառավարության ներկայացուցիչներն այսօր հագուստ և կոշիկ վաճառող մի խումբ առևտրականների հետ հանդիպմանը խոստացել են նրանց չտուգանել մինչև օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելը։

Բողոքի ակցիայի մասնակիցները Արմեն Ներսիսյանի կոչով ծափահարեցին գործադիրին և վերադարձան իրենց աշխատանքին․ - «Ես էսօրվա մեր խոսալուց, էսօրվա մեր ժողովից շատ գոհ ու շնորհակալ եմ: Հավատում եմ, որ մեզ չեն խաբի: Բայց որ հանկարծ մեկը շփոթվավ, մեզի խաբեց, էլ արդեն արդեն էսքան ժողովրդին ես չեմ կարա էլ պահեմ»:

Նախորդ ցույցին Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Բրուտյանն առաջարկել էր առևտրականներին իրենց հուզող հարցերի լուծման շուրջ առաջարկներ ներկայացնել։ Առևտրականներն այսօր այդ առաջարկներով էին եկել Կառավարություն։

Ուզում են հարկերը մուծել մեկ պատուհանի սկզբունքով և անմիջապես սահմանին․ - «Չեն բացառում իրանք, որ կարա տենց լինի: Հիմա իրենք քննարկումներ են անցկացնում կարգոների տերերի, մնացած խոշոր գործ անողների հետ, մենք էլ մեր հարցով կքննարկենք ու սաղ կպարզաբանենք, որ սևը սպիտակի վրա գրենք: Մենք արդեն միշտ իրանց հետ կհամագործակցենք, երկրի վիճակը կսկսենք լավացնել: Ես հույս ունեմ, որ իրանք մեզի ոչ մի հարցում չխաբեցինք»:

Առևտրականներն ասում են, որ չեն հրաժարվում հարկերը վճարելուց։ Միևնույն ժամանակ չեն կարողանում ամբողջովին փաստաթղթավորել ապրանքաշրջանառությունը․ - «Մենք չենք ուզում վախենան «հարկային» բառից, ուզում ենք հաստատագրված մի գումար և ամեն ամիս մուծենք, ինչպես որ հարկն է»:

Առևտրականների բողոքին զուգահեռ ավելի վաղ Պետեկամուտների կոմիտեն հայտարարել էր, որ շուկաներում ստուգումները կշարունակեն, բայց որևէ մեկին չեն տուգանի։ Կոմիտեն նաև նշել էր, թե բողոքի ցույցն ուղղորդված է՝ առանց հստակեցնելու, սակայն, ում կողմից:

Արմեն Ներսիսյանն ասել էր․ - «Մի քանի օր առաջ գրել էին, որ ես ուղղորդված մարդ եմ: Լավ, ուղղորդված մարդը կարա իրա հետ 30 հոգի տանի, կամ 50 հոգի: Ես ինչ ա, էդքան հզոր մարդ եմ, որ ինձ ուղղորդել են, կամ իմ սեփական խելքը չունեմ, որ ինձ պետք ա ուղղորդեն, որ ես գամ էսքան ժողովրդն էլ իրանք էլ խելք չունեն, ինձի լսե՞ն: Էս մեր կառավարությունը կարծում ա, որ մենք էնքան անխելք մարդիկ ենք, որ սրա-նրա ջրաղացին ջուր ենք լցնելու: Մենք մեր կյանքի համար ենք եկել»: