Լևոն Զուրաբյան․ Ժողովուրդը կորցնում է հավատը դեպի ընտրական գործընթացները

Խորհրդարանական ընտրություններին մասնակցած ինը քաղաքական ուժերից ու դաշինքներից միայն Կոնգրես-ՀԺԿ-ն է վիճարկում ընտրությունների արդյունքները:

Սահմանադրական դատարանը քննում է ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներին վերաբերող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչել պահանջող «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը:

Դաշինքի ներկայացուցիչ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը դատարանում պնդեց, թե ժողովուրդն իր կամքն ազատորեն չի արտահայտել, երկրով մեկ գործել է ընտրողներին ահաբեկելու, վարչական ռեսուրսի չարաշահման համակարգ, բաժանվել է ընտրակաշառք, և այս ամենը ազդել է ընտրությունների արդյունքի վրա․ - «Ընտրողների վրա կազմակերպված ճնշումների, ընտրակաշառքի բաժանման և քվեարկության գաղտնիության խախտման այս եռակցությամբ, որոնք բոլորը կրել են համակարգային, զանգվածային և համատարած բնույթ, և կատարվել են պետական իշխանության լծակների ապօրինի կիրառմամբ, Հանրապետական կուսակցությունը խափանել է ժողովրդի կամքի ազատ ձևավորումը և արտահայտումը և ձևավորել է Ազգային ժողովի կազմ, որը նախապես նախագծվել է իշխող կուսակցության կողմից»:

ՍԴ ներկայացրած դաշինքի դիմումում ներառվել է նաև սկանդալային ձայնագրությունը, որում մի տղամարդ «ՍԱՍ գրուպի» աշխատակիցներից պահանջում է ձայներ բերել ՀՀԿ-ի տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին:

Դիմումում անդրադարձ կա նաև Իրազեկ քաղաքացիների միավորման հրապարակած ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ կազմող դպրոցների և մանկապարտեզների տնօրենների աղմկահարույց ձայնագրությանը:

«Չգիտես ինչու, դատախազությունը քրեական գործ չի հարուցում․․․ Ե՛վ դատախազությունը, և՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղղակի պարտակել են հանցագործությունը և թողել այն առաց որևէ իրավական հետևանքների», - հայտարարեց Զուրաբյանը:

«ՍԱՍ»-ի հայտնի ձայնագրությունը, ըստ նրա, բացահայտում է, թե ինչպես է հնարավոր, որ խորհրդարանում հինգ տարի «լռության ուխտ» պահպանած պատգամավորները վերընտրվեն․ - «Դուք պատկերացնո՞ւմ եք որևէ ժողովրդավարություն, որտեղ ժողովրդականության ռեկորդներ են խփում այն պատգամավորները, որոնք բացարձակապես չեն խոսում»:

ՀԱԿԿ փոխնախագահի կարծիքով, ապրիլի 2-ի ընտրությունների գլխավոր յուրահատկությունը քվեարկության գաղտնիության համատարած խախտումն է եղել, ինչը ՀՀԿ-ին թույլ է տվել վերահսկել ընտրական ողջ գործընթացը: Պատահական չհամարեց առավոտյան ժամերին տեղամասերի տեսախցիկների աշխատանքի խափանումը՝ նա ասաց, թե վստահված անձինք, դիտորդները հաղորդել են, որ քվեատուփերի ներքևի մասում եղել են ՀՀԿ-ի օգտին տրված ձայները:

Զուրաբյանը ՍԴ-ին միջնորդեց հատուկ հանձնախումբ ստեղծել 1500 տեղամասերում տեղադրված տեսախցիկների ձայնագրություններն ուսումնասիրելու համար: Նա ասաց, որ իրենք մասնակիորեն ուսումնասիրել են դրանցից 120-ինը և հայտնաբերել են վերահսկվող, ուղղորդված քվեարկության բազմաթիվ դեպքեր: Այդ միջնորդությանը դատարանը դեռ չի արձագանքել:

Ընդդիմադիր գործիչը կասկած հայտնեց նաև քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում «ընտրողների աճը արտագաղթի պայմաններում»․ - «Եթե հաշվենք, որ այս հինգ տարիների ընթացքում Հայաստանից հեռացել է 235 հազար մարդ, որոնցից առնվազն երկու երրորդը՝ մոտավորապես 160 հազար մարդ ընտրողի տարիքի են, պարզվում է, որ 2017 թվականին մասնակցության տոկոսը եղել է առնվազն 96 տոկոս: Սա բռնապետական, կամ ամբողջատիրական երկրին բնորոշ մասնակցության տոկոս է: Եվ հարց է ծագում՝ սա ինչպե՞ս է հնարավոր»:

Լևոն Զուրաբյանը իր խոսքն այսպես ավարտեց․ - «Մենք այն քաղաքական ուժն ենք, որը միշտ խոսել է նրա մասին, որ անթույլատրելի է զինված ապստամբություն, տեռորիզմ, ընդհանրապես որևէ բան, որ խարխլում է սահմանադրական և պետական կառույցները: Եվ մենք շարունակում ենք մնալ այդ տեսակետին: Բայց եթե այս համակարգային խախտումները, այս աղճատված ընտրակարգը շարունակի իր կյանքը Հայաստանում, վստահ եղեք, որ ոչ մեկի հորդորները չեն կարողանա ինչ-որ պահի [հետ] կանգնեցնել ժողովրդին նման տիպի ակտերից, երբ նրանք չեն տեսնում ընտրություններով Հայաստանում իշխանությունը փոխելու որևէ տարբերակ»:

Դաշինքի ներկայացուցիչներից Տիգրան Եգորյանը դիտորդական առաքելությունների արձանագրած բազմաթիվ խախտումներ հրապարակեց Սահմանադրական դատարանում՝ գումար, անգամ հագուստ, կոնֆետներ բաժանելու, ծառայություններ մատուցելու մասին․ - «Գլխավոր դատախազությունը և առհասարակ իրավապահ ամբողջ համակարգը մատնված է եղել անգործության: Այս ահազանգերից որևէ մեկով չի իրականացվել արդյունավետ քննություն»:

Իշխող Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատության» հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ թերություններ ապրիլի 2-ի ընտրություններում, այո, եղել են, բայց դրանք «էական ազդեցություն չեն ունեցել վերջնարդյունքի վրա»:

Բարձր դատարանը կլսի նաև պատասխանողի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փաստարկները: Հարակից պատասխանողներ նույնպես կան՝ Ոստիկանության և Դատախազության ներկայացուցիչները:

Դաշինքը Սահմանադրական դատարան է դիմել ապրիլի 14-ին։

Հիշեցնենք, ավելի վաղ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դաշինքի դիմումը։ ԿԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել էր, թե թվարկված խախտումներից շատերը կրկնվում են, մի մասն էլ խոսում է ոչ թե խախտումների, այլ դրանց բացակայության մասին։ Նա պնդել էր՝ իրավական հիմքեր չեն ներկայացվել։