Պաշտոնական Անկարան խստորեն դատապարտել է ապրիլի 23-ին Երևանում անցկացված ջահերով երթի ժամանակ թուրքական դրոշի այրումը:
«Դրոշը ազգի հիմնարար արժեքները, հավատքն ու ազատությունն է խորհրդանշում: Թուրք ազգի գոյությանը խորհրդանշող մեր դրոշի դեմ ուղղված գործողությունը մեր հասարակության կողմից մեծ դժգոհությամբ ընդունվեց: Խստորեն դատապարտում ենք մեր ազգի անկախությունն ու ազատությունը ներկայացնող դրոշի նկատմամբ իրականացված նենգ արարքը», - մասնավորապես ասված է Թուրքիայի ԱԳ նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Թուրքիայի արտաքին գերատեսչությունը անդրադարձել է նաև Դոնալդ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում ԱՄՆ-ի ղեկավարը իր նախորդի՝ Բարաք Օբամայի նման Հայոց ցեղասպանությունը անվանել էր «Մեծ եղեռն»:
Թուրքական արտգործնախարարությունը հայտարարել է, որ Թրամփի ուղերձում տեղ են գտել՝ «սխալ տեղեկություններ և սահմանումներ, ինչը տարիներ շարունակ ԱՄՆ-ում հայկական շրջանակների կողմից տարվող պրոպագանդայի արդյունքում ձևավորված փաստերի սևացման հետևանքն է»:
Պաշտոնական Անկարան հույս է հայտնել, թե ԱՄՆ-ի նոր ղեկավարությունը «չի հիմնվի միակողմանի ներկայացվող պատմության վրա և այնպիսի մոտեցում կորդեգրի, որը հաշվի է առնում բոլոր կողմերի ցավերը»:
Թուրքիայի ԱԳՆ նախարարության հայտարարության մեջ թուրքական իշխանությունները ԱՄՆ-ի ղեկավարության ուշադրությունն են հրավիրում, որ ապրիլի 24-ին Ստամբուլի Հայոց պատրիարքարանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կյանքից հեռացած օսմանյան հայերի հիշատակին նվիրված արարողություն է անցկացրել, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ իր ուղերձն է հղել այդ միջոցառմանը, որն արտահայտում է այս հարցում Թուրքիայի դիրքորոշումը:
Հիշեցնենք, Թուրքիայի նախագահը հերթական ուղերձն էր հղել Թուրքիայի հայությանը` հիշելով «առաջին համաշխարհայինի ծանր պայմաններում կյանքից հեռացած օսմանյան հայերին և ցավակցություն հայտնել նրանց թոռներին»:
Երեկ երեկոյան Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայի հարակից Թունելի հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարթակի նախաձեռնած միջոցառման հարյուրավոր մասնակիցները թուրքական իշխանություններին կոչ արեցին առերեսվել իրականության հետ: - «Ոչ թե ցավակցություն, այլ ներողություն ենք սպասում: Արդեն 102 տարի եղավ, մի սպասեք 103-րդին: Ներողություն խնդրեք», - ասված էր միջոցառմանը հնչեցված հայտարարության մեջ: