Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը քննադատել է այն փաստը, որ ԱՄՆ նախագահը իր ապրիլքսանչորսյան ուղերձում խուսափել է ցեղասպանություն եզրը օգտագործելուց:
«Նախագահ Թրամփը ընտրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործում Անկարայի մերժողական կեցվածքը սատարելու ճանապարհը», - նշել է Համբարյանը: - «Խուսափելով պատշաճ կերպով նշել ապրիլի 24-ը, նախագահ Թրամփը, փաստորեն, ցեղասպանությունների կանխարգելման հարցում ԱՄՆ-ի քաղաքականության իրականացումը հանձնել է Ռեջեփ Էրդողանին՝ ամբարտավան և ավտորիտար դիկտատորին, որն ակնհայտորեն հաճույք է ստանում՝ միլիոնավոր հայերի, հույների, ասորիների և այլ քրիստոնյաների զանգվածային սպանությունների վերաբերյալ ամերիկյան նախագահների հայտարարությունները ուժով լռեցնելու իր կարողությունից», - հավելել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը: