«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ` գործարարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանն այսօր Երևանում ներկայացրին մրցանակի այս տարվա հինգ հավակնորդներին:
Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների տրվող մեկ միլիոն դոլար մրցանակին այս տարի հավակնում են Սոմալիում մանկահասակ զինվորականների վերականգնողական աշխատանքներով զբաղվող «Էլման» կենտրոնի հիմնադիրները, Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ջամիլա Աֆղանին, Սիրիայում դաշտային հիվանդանոցի բժիշկ Մուհամադ Դարվիշը, Կոնգոյում սեռական բռնությունների ենթարկված կանանց օգնություն ցուցաբերող բժիշկ Դենիս Մուկվեգեն և Սուդանում աշխատող բժիշկ Թոմ Քաթինան, ով նախորդ տարի ևս «Ավրորայի» հավակնորդներից էր:
Ցեղասպանության հիշատակի օրը մեկնարկող հինգ շաբաթյա միջոցառումներից հետո «Ավրորա» մրցանակի այս տարվա դափնեկրի անունը կհայտարարվի մայիսի 28-ին: Մրցանակաբաշխությունը հաղթանակ խորհրդանշող օրը իրականացնելը հատուկ խորհուրդ ունի, ասաց ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը․ - «Սա խորհրդանշում է մեր ժողովրդի անցած ուղին մահից դեպի կյանք, մթից դեպի լույս, ցեղասպանությունից դեպի անկախություն, մահից դեպի վերապրում և վերականգնում»:
Առաջին «Ավրորա» մրցանակը նախորդ տարի ստացել էր Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին 30 հազար որբերի փրկած Մարգարիտ Բարանկիցեն: Նրան տրամադրված 1 միլիոն դոլարն արդեն 4 երկրում երեխաներին աջակցելուն է ուղղվել, հայտարարեց մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը․ - «Ինձ թվում է՝ դա շատ կարևոր էլեմենտ է մեր «Ավրորայի» մրցանակի մեջ, որ մենք ոչ թե մենակ ուղղում ենք շնորհակալության խոսքը այն մարդու, որը շատ լավ գործ է արել, փրկել է մարդկանց կյանքը, բայց նաև գումարը, որը նա ստացել է, գնում է և օգնում է ուրիշ երկրներում ուրիշ պրոյեկտների կամ ուրիշ մարդկանց փրկելու»:
Նոբելյան դափնեկիրներից և հայտնի մշակութային ու քաղաքական գործիչներից կազմված հանձնաժողովը հինգ հավակնորդներին ընտրել է 66 երկրից ներկայացված 254 թեկնածուներից: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ինչու՞ հավակնորդների մեջ չկա «Սասնա ծռեր» զինված խմբին անցած տարվա հուլիսյան դեպքերի ժամանակ սննդամթերք հասցրած «Հաց բերող» Արթուր Սարգսյանը, ով վերջերս կալանքից ազատվելուց օրեր անց մահացավ:
«Ցավակցում ենք այդ մարդկանց բարեկամներին, որովհետև ցավալի բան է, որ այդպիսի մարդիկ մահանում են մեզ հետ չեն այլևս այսօր, բայց մեզ մոտ միայն կենդանի մարդկանց թեկնածություններն են դիտարկվում», - պատասխանեց Ռուբեն Վարդանյանը:
Ճշտող հարցին, թե եթե Արթուր Սարգսյանը և մեկ այլ թեկնածու՝ դոկտոր Լիզան, կենդանի լինեին, կընդգրկվեի՞ն հավակնորդների ցուցակում, Վարդանյանը արձագանքեց․ - «Չգիտեմ, չեմ կարող ասել: Եթե ես հնարավորություն ունենայի, 255-ին էլ կտայի այն ամենը, ինչ ունեմ, որպեսզի նրանք դառնային օրինակ մարդկանց համար: Բայց դա անհնարին է, ցավոք սրտի»:
Նախորդ տարվա մրցանակը Երևանում հանձնեց օսկարակիր դերասան Ջորջ Քլունին, ով նաև ընտրող հանձնաժողովի համանախագահներից է: Հարցին՝ արդյո՞ք այս տարի ևս հոլիվուդյան դերասանը կգա Հայաստան, ամերիկահայ գործարար Աֆեյանը պատասխանեց, որ դա կախված է Քլունիների ընտանիքում երեխայի ծննդից․ - «Ջորջը և Ամալը սպասում են իրենց երեխայի ծնունդի եկող շաբաթների ընթացքում: Այնպես որ՝ տեսնենք ինչ է լինելու»:
Ինչպե՞ս են սփյուռքահայ գործարարները պատրաստվում Հայաստանը վերածել մարդասիրական կենտրոնի այն դեպքում, երբ իրավապաշտպանների գնահատմամբ՝ այսօր էլ Հայաստանում մարդու իրավունքները լրջորեն ոտնահարվում են: Հարցին Ռուբեն Վարդանյանը պատասխանեց՝ իդեալական երկիր չկա․ - «Ինձ թվում է՝ մենք մի քիչ սխալվում ենք: Մենք՝ հայկական աշխարհում, մի երազանքի մեջ ենք ապրում, որ մեր երկիրը պիտի Էլդորադո լինի: Որովհետև 800 տարի չենք ունեցել երկիր, մեզ թվում է, որ հիմա ամեն ինչ պիտի իդեալական լինի: Մենք այդպես չենք կարող: Եթե այդպես մտածենք, «Ավրորան» իրավունք չունի ոչ մի տեղ ներկայացվել, որովհետև այդպիսի երկիր չկա, որտեղ մարդու իրավունքների հարց չառաջանա: Եթե ոչ մի բան չարվի, ոչ մի բան չի փոխվի: Դրա համար այն, ինչ մենք փորձում ենք անել, շատ լավ հասկանում ենք, որ իդեալ չէ, շատ լավ հասկանում ենք՝ շատ պրոբլեմ ունենք: Միայն այսպիսի պրոյեկտներ անելով կարող ենք փոխել»:
«Ազատության» հարցին ի պատասխան Վարդանյանը նաև պարզաբանեց, թե արդյո՞ք Հայաստանում իրականացվող իր նախաձեռնությունների շարունակությունը չի լինի քաղաքական դաշտ մտնելը: Ի դեպ, Վարդանյանն այն ռուսաստանահայ գործարարներից է, ով աջակցություն էր հայտնել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խոստանալով ներդրումներ Հայաստանում․ - «Այն, ինչ մենք անում ենք, դրա համար պետք չէ կառավարության մեջ մտնել: Աշխարհը փոխվում է, և դու կարող ես քո աջակցությունը և օգնությունը քո ազգին անես, առանց մտնելու քաղաքական դաշտ կամ կառավարության մեջ: Ինձ թվում է, որ այն, ինչ մենք անում ենք, ահագին դեր է խաղում և հույս ունենք, որ լավ դեր է խաղում: Դրա համար պետք չէ պաշտոն»:
Համահիմնադիրների գնահատմամբ, «Ավրորան» արդեն մարդասիրական շարժման է վերածվում: Գործարարները հույս ունեն, որ նախաձեռնությունը շարունակական կլինի, ինչպես հայտնի Նոբելյան մրցանակաբաշխությունն է: