Հանձնաժողովը հրապարակեց «Ավրորա»-ի 2017-ի հավակնորդների անունները

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովն այսօր հայտնեց մրցանակի 2017 թվականի հավակնորդների անունները:

Ըստ IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնի, հավակնորդներն ընտրվել են բացառիկ ազդեցության, խիզախության և ցուցաբերած նվիրվածության համար՝ փրկելով մարդկային կյանքեր և իրականացնելով մարդասիրական գործունեություն.

- Ֆարթուն Ադան և Իլվադ Էլման, «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ, Սոմալի. մարդու իրավունքների պաշտպանության համար և հանուն խաղաղության պայքարող ակտիվիստներ. մայր և դուստր, որոնք զբաղվում են մանկահասակ զինվորականների վերականգնողական աշխատանքներով՝ «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի միջոցով:

- Ջամիլա Աֆղանի, «Նուռ» կրթական և հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար. զբաղվում է Աֆղանստանում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությամբ կրթական ծրագրերի միջոցով, ինչպես նաև՝ մահմեդական առաջնորդներին իր նախագծերում ներգրավելով:

- Մուհամադ Դարվիշ, Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ. ատամնաբուժության ֆակուլտետի ուսանող, որը վերադարձել է իր ծննդավայր և բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ և գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են: Այսպիսով, նա միջազգային համայնքի ուշադրությունն է հրավիրում պաշարման մեջ գտնվող քաղաքի վրա:

- Դենիս Մուկվեգե, գինեկելոգ-վիրաբույժ և Փանզի հիվանդանոցի հիմնադիր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն. մանկաբարձ-գինեկոլոգ, ով բժշկական, հոգեբանական և իրավական աջակցություն է տրամադրում պատերազմական երկրում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց՝ միաժամանակ պայքարելով պատասխանատվության ենթարկելու բռնություն իրականացնողներին:

- Թոմ Քաթինա, Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ. վիրաբույժ և կաթոլիկ միսիոներ, որը տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է՝ իրականացնելով տարեկան 1000 վիրահատություն և սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի:

Մայիսի 28-ին հավակնորդները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Երևանում, որտեղ հայտնի կդառա 2017-ի «Ավրորա» մրցանակի դափնեկիրը:

Դափնեկիրը կստանա 100 հազար դոլար պարգև՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև 1 միլիոն դոլար դրամաշնորհ, որը բացառիկ հնարավորություն կտա շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

Մանրամասներն՝ ավելի ուշ