109-ամյա Եպրաքսի Գևորգյանը մինչև անցած տարի Ծիծեռնակաբերդ էր այցելում

Թոռներն ու ծոռները նշում են Եպրաքսի Գևորգյանի տարեդարձը

Եպրաքսի տատն ասում է՝ անձնագրով 104 տարեկան է, բայց այնտեղ գրվածն իր իրական տարիքը չէ։ Ապրիլի 21-ին բոլորում է 109-րդ տարին։ 1 դար ու ևս 9 տարի ապրած՝ ցեղասպանության մղձավանջով անցած կինն ասում է՝ «փոքր չեմ, բայց պարզ հիշում եմ ամեն ինչ»:

Կարսի նահանգի Լալոյի Մավրագ գյուղում է ծնվել, որտեղ ապրել է իր կյանքի առաջին 7 տարին։ Այսօր էլ չի կարողանում մոռանալ՝ տոնեց ծննդյան տարեդարձն ու 3 օր անց եղբոր, մոր ու հոր հետ բռնեց գաղթի ճամփան․ «Մենք Արևմտյան Հայաստանից ենք գաղթել, սաղ գյուղացիք․․․ թողին ու փախան, էլ մարդասպանություն, էլ տուն թալանել, ինչ ըսես, ոչ չեն էրել»:

Ինքը տան փոքրն էր, հորը թուրքերը սպանել են գաղթի ճանապարհին, իսկ մայրն ավելի ուշ մահացել է սովից։ Եպրաքսի տատի եղբորն էլ որդեգրել ու տարել են օվկիանոսից այն կողմ: Այդ օրվանից նրան չի տեսել, գտնելու փորձերն անարդյունք են եղել։ «Ամերիկացին էկավ, ոնց որ դու ես խոսացնում, էդ աղջիկն էլ խոսացրեց, գնացել էր Լենինական, արխիվ, գտել էր իմ անուն ազգանունը, ախպորս չէր գտել․․․»:

Մինչև 1926 թվականի հունիսը ապրել է մանկատանը, ասում է՝ ամերիկացիներն իրենց շատ լավ էին պահում՝ հագցնում, կերակրում, ուսման տալիս։ Եպրաքսի տատը մեծ ջերմությամբ է հիշում Ալեքսանդրապոլի ամերիկյան որբանոցում անցկացրած տարիները․

«Էկանք, տեսանք տուն չկա, տեղ չկա, որ նստինք: Ասին՝ Լենինականի գիծը բաց ա, պտի էրթանք․․․: Հելանք բոլորս էկանք Լենինական, մինչև էկանք Լենինական, թուրքը Ղարսի գիծը փակեց: Ամերիկացին էկավ, եթե ամերիկացին չեղներ, մեր Հայաստանը շատը կկոտորվեր սովից: Էնենց էր նայում, էնենց էր կերցնում, հագցնում, դպրոցը․․․ մենք Հովհաննես Շիրազի հետ ենք սովորել»:

Ամերիկյան որբանոցում անցկացրած տարիներից 109-ամյա տատիկը հատկապես ստացած կրթությունն է շատ կարևոր համարում։ Երգեր, բանաստեղծություններ, պատմվածքներ, առակներ ու 5 լեզու է սովորել։ Անգլերենը հիմա էլ է հիշում՝ «goodbye, close the door, open the door ... »։

Հետո ուսումը կիսատ թողեց ու որբանոցին հրաժեշտ տվեց, երբ պատահաբար գտավ հորաքրոջը։ Դրանից հետո Եպրաքսին ամուսնացավ ու 9 երեխա ունեցավ։ Պարծենում է՝ այն ինչ գիտեր, սովորեցրել է ամուսուն: Ի տարբերություն իրեն, ամուսինը դպրոց չէր գնացել, տառաճանաչ չէր։ Հիմա տատիկն ապրում է մեծ աղջկա հետ։

Ընտանիքում նրան սիրում են, փայփայում և աչքի լույսի պես պահում։ Ինչպես և մեր զրույցի պահին, ժամանակ առ ժամանակ սկսում է հաշվել թոռներին ու կեսից հաշիվը կորցնում է։ 64 թոռ ու ծոռ ունի։ Նրանց սերն ու ջերմությունը վայելում է ամեն օր:

Վերջին անգամ Եպրաքսի Գևորգյանը ծաղիկները ձեռքին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է բարձրացել անցած տարի։ Երբ խոսում է այդ մասին, մտաբերում է գաղթի չարաբաստիկ գիշերը։ Կարոտը խեղդում է, դուրս է գալիս պատշգամբ ու ժամերով նայում բիբլիական սարին։ Դրանից այն կողմ իր հայրենիքն է՝ Կարսի նահանգ, գյուղ Լալոյի Մավրագ։