Ադրբեջանում մի շարք մալուխային օպերատորներ դադարեցրել են ռուսական ТНТ ու ТНТ-4 հեռուստաալիքների հեռարձակումը։ Մեծ լսարան ունեցող ռուսական ժամանցային այդ հեռուստաալիքների հեռարձակումը կվերականգնվի ապրիլի 25-ից հետո, իսկ մինչ այդ դրանց կփոխարինեն թուրքական հեռուստաալիքները:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, պաշտոնական բացատրության համաձայն՝ հեռարձակումը դադարեցվում է Հայոց ցեղասպանության մասին տեսահոլովակների պատճառով:
ТНТ-ն և ТНТ-4-ը պատկանում են «Գազպրոմ մեդիա» հոլդինգի ժամանցային հեռուստաալիքների ենթահոլդինգին, որի գլխավոր տնօրենը Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր հայազգի Արթուր Ջանիբեկյանն է:
Ռուսական կողմը առայժմ չի արձագանքել պաշտոնական Բաքվի այդ քայլին: Հեռուստաընկերությունների կայքէջերում չի նշվում, թե Հայոց ցեղասպանության մասին ինչ նյութեր են նախատեսում եթեր հեռարձակել:
Հիշեցնենք՝ 2015 թվականի ապրիլի 24-ին ТНТ հեռուստաալիքը և Comedy Club-ի պրոդյուսերական կազմը չեղյալ էին հայտարարել ժամանցային հաղորդումները: Ինչպես տեղեկացրել էր Comedy Club-ի պրոդյուսերներից Գարիկ Մարտիրոսյանը, իրենց ողջ թիմը այդ օրը նախընտրել էր Հայաստանում լինել՝ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու նպատակով: Ժամանցային հաղորդման փոխարեն այդ օրը եթեր հեռարձակվեց ТНТ հեռուստաընկերության կողմից պատրաստված հատուկ հոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: 5․5-րոպեանոց տեսահոլովակում Comedy Club-ի և ТНТ հեռուստաալիքի հայտնի դեմքերը ներկայացնում են Հայոց ցեղասպանության դաժան իրադարձությունները: Հոլովակում հանդես են գալիս Գարիկ Մարտիրոսյանը, Միխայիլ Գալուստյանը, Պավել Վոլյան և ռուսական շոու բիզնեսի այլ հայտնի դեմքեր: