Հայաստանի և Թուրքիայի պատմության դասագրքերը ազգայնականացված են, իսկ դրանց ստեղծման գործընթացը` քաղաքականացված է: Այսպիսի եզրահանգման են եկել հայ և թուրք մասնագետները` ուսումնասիրելով երկու երկրների հանրակրթական դպրոցներում ուսուցանվող պատմության դասագրքերը:
Հետազոտությունը կատարվել է Թբիլիսիում տեղակայված և Վաշինգտոնում, Երևանում, Բաքվում ու Ստամբուլում գրասենյակներ ունեցող Imagine կոնֆլիկտների հաղթահարման կենտրոնի և Թուրքիայի պատմության հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում, որի արդյունքները նախօրեին ներկայացվեցին Ստամբուլում կազմակերպված միջոցառման ժամանակ:
Ծրագրի համահեղինակ, Imagine կենտրոնի ծրագրերի զարգացման գծով պատասխանատու Մարիա Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ նախագծի ընթացքում երկու երկրների պատմաբաններն ու պատմության ուսուցիչները փորձել են քննադատական աչքով նայել այսօր դպրոցներում դասավանդվող պատմության դասագրքերին, վերհանել հիմնական խնդիրներն ու զուգահեռներ անցկացնել պատմության դասավանդման մեթոդաբանության միջև:
«Հիմնական նպատակն էր՝ հասկանալ, թե ինչպես են մեր դասագրքերի մեջ կառուցվում յուրի և ուրիշի կերպարները, այսինքն՝ ինչպես ենք մենք մեր պատմական նարատիվում պատկերում մեզ և ինչպես ենք պատկերում այլոց: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ հունվարին Ստամբուլում, երբ առաջին անգամ ծանոթացանք մեր կոլեգաների հետ, բայց արդեն իսկ պատրաստել էինք նախնական վերլուծությունը դասագրքերի: Ներկայացրեցինք, քննարկեցինք մանրամասն և համաձայնություն ձեռք բերեցինք, թե ինչ պրոդուկտ ենք ցանկանում պատրաստել: Որոշեցինք, որ կլինի դասագրքերի քննադատական մասը և նաև այլընտրանքային մոտեցումներ կառաջարկենք: Այսինքն՝ բացի քննադատությունից, նաև կփորձենք մեր կարծիքը ասել, թե ինչպես ենք կարծում, որ ճիշտ կլինի, որպեսզի պատմության դասավանդումը տեղի ունենա կամ գոնե՝ որ ուղղությամբ շարժվի», - ասաց Կարապետյանը:
Ուսումնասիրության արդյունքում ծրագրում ներգրավված մասնագետները առանձնացրել են պատմական նարատիվի մի քանի հատկանիշ, որոնք գրեթե համընկնում են և՛ հայկական, և՛ թուրքական դասագրքերում․ ազգայնական, գաղափարաբանական բնույթից բացի, հայկական դասագրքերին բնորոշ է զոհի կերպարի, իսկ թուրքական դասագրքերին էլ հանդուրժող ժողովրդի կերպարի ստեղծումը:
Մարիա Կարապետյանը ուշադրություն է հրավիրում ևս մի կարևոր խնդրի` դասագրքերում կնոջ դերի բացակայության հանգամանքի վրա։
«Մեկ այլ խնդիր, որն առանձնացրել ենք, դասագրքերում կնոջ դերի բացակայությունն է իսպառ: Թեև լավ կլիներ առհասարակ վերաիմաստավորել պատմությունը, շատ կցանկանայինք, որպեսզի և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում շրջանառության մեջ մտնեին ֆեմինիստական պատմությունները: Բայց նույնիսկ դա մաքսիմալ ցանկություն է համարվում։ Եթե փորձենք մնալ մեր առկա հարացույցի մեջ՝ պատմության մատուցման և դասավանդման, ապա նույնիսկ այս հարացույցի մեջ մեծ բացեր կան: Այսինքն՝ հարկավոր է գնալ, փնտրել կին կերպարների, հասկանալ, թե ինչու իրենք ներկայացված չեն պատմության դասագրքերում, ինչու են նրանք միայն ներկայացված, երբ որ ինչ որ մի տղամարդ գործչի քույր են, կին են կամ ինչ որ մի կերպ առնչվում են իրենց կամ առհասարակ զոհի, մասայի մաս են կազմում», - ընդգծեց Կարապետյանը:
Այս նախագիծը իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի ֆինանսավորմամբ: Կազմակերպիչները ցանկանում են իրականացնել ծրագրի երկրորդ փուլը՝ երկու երկրների պատմության ուսուցիչների հետ միասին աշխատել պատմության դասավանդման այլընտրանքային մոտեցումների կիրառման շուրջ և մշակված մեթոդաբանությունը տեղափոխել գործնական դաշտ:
Մարիա Կարապետյանի խոսքով` ծրագրի արդյունքները փորձելու են հասցնել նաև երկու երկրների կրթության ոլորտի պատասխանատուներին` հույս ունենալով, որ այս հետազոտությունը դրականորեն կազդի դպրոցական նոր դասագրքերի վրա: