Ֆրանսիայում նախագահ են ընտրում

Ոստիկանը հսկում է ընտրատեղամաս տանող ճանապարհը, Ֆրանսիա, 23-ը ապրիլի, 2017թ․

Ֆրանսիայում ընթանում է երկրի նախագահի ընտրությունը: «Ռոյթերզ» գործակալությունը նշում է, որ քվեարկությունն ընթանում է անվտանգության միջոցառումների ուժեղացված պայմաններում։

Երկրի նախագահի պաշտոնում առաջադրվել է 11 թեկնածու։ Վերջին հարցումների արդյունքներով առաջատար է համարվում կենտրոնամետ թեկնածու Էմանուել Մակրոնը։ Երկրորդ տեղում ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենն է, ով դեմ է հանդես գալիս եվրոպական ինտեգրացիային, Եվրամիության միգրացիոն քաղաքականությանը և եվրոպական միասնական արժույթին։

Ծայրահեղ-ձախակողմյան քաղաքական թևի ներկայացուցիչ Ժան-Լյուկ Մելանշոնը կոչ է անում դուրս գալ առեւտրային միջազգային համաձայնագրերից և ՆԱՏՕ-ից։

Պահպանողականների թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի վարկանիշին լուրջ հարված է հասցրել կոռուպցիոն սկանդալը՝ ընտանիքի անդամներին ապօրինի կերպով աշխատանքով ապահովելու շուրջ։

Հարցումները վկայում են, որ թեկնածուներից չորսը հնարավորություն ունեն մտնել երկրորդ փուլ, որը տեղի կունենա մայիսի 7-ին։

Վերլուծաբանները նշում են, որ աշխարհի հինգերորդ տնտեսության, Եվրամիության և ՆԱՏՕ-ի առաջատար պետության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների արդյունքները գլոբալ նշանակություն ունեն։