Հայոց ցեղասպանության թեմայով աշխարհահռչակ կինոբեմադրիչ, օսկարակիր Թերրի Ջորջի (Terry George) «Խոստումը» (The Promise) էպիկական ֆիլմն այսօրվանից ցուդադրվում է Ամերիկայի ավելի քան 2100 կինոթատրոններում: Ֆիլմը հնարավոր է տեսնել ԱՄՆ-ի բառացիորեն բոլոր 50 նահանգներում՝ Ալաբամայից մինչև Վայոմինգ, նույնիսկ՝ Գուամի տարածքում:
Հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան հսկայական կայսրության վերջին օրերը, հարուստ Կոստանդնուպոլիսը, թշվառ գավառները, պատերազմ, մոլեռանդ ամբոխներ, սուլթանի, ապա նրան փոխարինած երիտթուրքերի գազանային ատելության թիրախ դարձած, մահապատժի դատապարտված մի անմեղ ու անպաշտպան ժողովուրդ և, իհարկե, սեր, մշտական եռանկյունի, գեղեցիկ օրիորդ և երկու շատ տարբեր տղամարդ՝ Մայքլը (Oscar Isaac), Անան (Charlotte Le Bon) և Քրիսը (Christian Bale): Սրանք են ֆիլմի առանցային տարրերը:
Իսկ այդ մղձավանջից ընդամենը մեկ տարի առաջ թվում էր, թե մարդ-արարածը ծնվում է միայն երջանիկ լինելու համար, Մայքլի ճակատագիրն էլ նախանշված է՝ ընտրել բժշկի առաքելությունը, բարի գործերով օգնել մարդկանց, դառնալ ընտանիքի պարծանքը:
Գեղեցիկ երազանքի փոխարեն, սակայն, արյան գետեր և քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ կոտորվող ժողովուրդ․․․: Այս ֆիլմն անմիջապես հայտնվել է ոչ միայն ամերիկացիների, հայերի, այլև թուրքերի ուշադրության կենտրոնում: 2016 թվականին հրապարակված ֆիլմի գովազդային կարճ հոլովակը՝ թրեյլերը, մեկ օրում գրանցել է ավելի քան մեկ միլիոն դիտում:
Առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայի ղեկավարները սկզբունքորեն հերքել են հայոց կոտորածի փաստը, այդ մասին կա ուշագրավ դրվագ «Խոստումը» ֆիլմում․ ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսին թուրքերն ասում են. «Ի՞նչ պատերազմ, այստեղ պատերազմ չկա»: Ինչպես այն ժամանակ են հերքել, այնպես էլ հիմա են դա անում, ընդ որում՝ հետզհետե ավելի գռեհիկ միջոցներով:
Մեծ հեղինակություն ունեցող մասնագիտական կայքերից մեկի՝ The Internet Movie Database-ի էջում «Խոստումը» իսկական ինտերնետ-տեռորի է ենթարկվել: Մեջբերում՝ թուրք-օգտատերերի առցանց քննարկումներից. «Ժողովուրդ, Հոլիվուդը այսպես կոչված հայերի ցեղասպանության մասին ֆիլմ է նկարել, թրեյլերը դիտել են արդեն 700 հազար անգամ, մենք պետք է շտապ մի բան անենք դրա դեմ»:
Թուրք հազարավոր թրոլներ՝ համացանցում կեղծ անուններով ակտիվիստներ, զօրուգիշեր հեգնական կամ քննադատական գնահատականներով ողողում են օրաթերթերի և հեռուստաընկերությունների կայքէջերը: Այս տգեղ և էժան պրոպագանդային է արձագանքել նաև ֆիլմի ռեժիսորը՝ Թերրի Ջորջը:
«Պարզապես հնարավոր չէ, որ ճիշտ 50 հազար անձ Տորոնտոյում երկու անգամ ցուցադրված ֆիլմից հետո դրան տա ամենացածր՝ 1 գնահատականը: Ոչ մի հրաշքի դեպքում պատահմամբ նման բան չի կարող լինել: Ես համոզված եմ, որ դա թրոլների համակարգված գործողություն էր»,- ասել է ռեժիսորը:
Պրեմիերայի նախօրեին CBS հեռուստածրագրի հյուրն էր ամերիկացի ֆոտոլրագրողի դերակատար, արդիական կինոյի փայլուն աստղ Քրիսչեն Բեյլը: «Ինչու՞ այս պատմության մասին չեն պատմել նախկինում»,- հաղորդավարն այդ հարցով է դիմել օսկարակիր դերասանին: «Չեն պատմել, որովհետև Թուրքիայի շահն ավելի բարձր է դասվել, փորձեր եղել են, նույնիսկ MGM-ի այն ժամանակվա սեփականատեր Քըրք Քըրքորյանն է փորձել»,- ասել է Բեյլը։
Մեծահարուստ Քըրք Քըրքորյանը 100 միլիոն դոլար է տրամադրել ֆիլմին: Դա Հայոց ցեղասպանության թեմայով ամենամեծ բյուջեով ֆիլմն է: Նման ֆիլմ արտադրելու գաղափարը մեծ բարերարի երազանքներից էր: «Այդ ֆիլմն էլ Քըրք Քըրքորյանի «խոստումն» էր»,- նշել է Hollywood Deadline համացանցային հանդեսի մեկնաբան Փիթեր Բարտը:
Թուրքերն ամեն բան անում են ֆիլմը վարկաբեկելու համար, բայց մեկնաբանների մեծ մասն, այնուամենայնիվ, դրական գնահատականներ է տալիս, նշելով, որ ֆիլմում նվազագույյն աստիճանի դաժան կադրեր են, նրբաճաշակ աշխատանք է, «Խոստումը» ֆիլմ է, որն անպայման պետք է դիտել:
Մեկնաբանները նշում են նաև, որ միայն ճշմարտությունը պատմելով է հնարավոր կանխել նոր աշխարհում նոր ցեղասպանությունները: «Խոստումը» ֆիլմի ամբողջ եկամուտը կտրամադրվի բարեգործական և իրավապաշտպան կառույցներին: Դա էլ ստեղծագործական խմբի խոստումն էր...