Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը այսօր ներկա է գտնվել «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իր դեմ հարուցված գործով դատական նիստին և հավաստիացրել, որ «փախնելու մտադրություն» չունի:
«Խոսեց, ու բավականին տեղին խոսեց, այն առումով, որ հանգամանորեն ներկայացրեց, որ ինքը ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքների հետ», - դատական նիստից հետո պատասխանելով «Ազատության» հարցին՝ նշեց Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը: - «Ինքը չի փախնի, ինքը Արցախի հերոս է, պատերազմի ժամանակ չի փախել: Այսպես ասեց՝ ումից և ինչի համար պետքա փախնեմ, ի՞նչ եմ արել, որ փախնեմ: Բնականաբար, գտնում է, որ իր նկատմամբ կալանավորումը անհիմն է և խնդրեց կայացնել արդարացի որոշում», - հավելեց փաստաբանը:
Բաբայանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասի և 235.1 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննել է ԼՂ պաշտպանության նախկին նախարարի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու դիմումը և վաղն առավոտյան կհրապարակի որոշումը:
Փաստաբանը նշեց, որ դատական նիստի ընթացքում թե՛ դատախազը, թե՛ գործով քննիչը առարկել են Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը:
«Ընդամենը այս հիմքով, որ՝ գտնում ենք առաջին ատյանի որոշումը օրինական ու հիմնավոր է: Իմ կողմից մատնանշված փաստարկների վերաբերյալ ոչ մի հակափաստարկ չներկայացվեց», - ասաց Ավետիս Քալաշյանը: - «Ոչ մի ցուցմունք չկա: Այդ ընթացքում Սամվել Բաբայանի հետ կապված կատարվել է ընդամենը մեկ քննչական գործողություն՝ առերեսում Սանասար Գաբրիելյանի հետ, որը, ինչպես իր նախկին ցուցմունքում, այնպես էլ առերեսման ժամանակ հերքել է այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանը որևէ առնչություն ունի այդ «Իգլա»-ի հետ»:
Մեր հիշեցմանը, որ իր նախորդ ասուլիսում փաստաբանը հայտարարել էր, որ թեև մեղադրանքները չեն ընդունում, սակայն Սամվել Բաբայանը այնուամենայնիվ ինչ-որ առնչություն ունի «Իգլա»-ի գործի հետ կապված և հավելել, որ դեռևս ժամանակը չէ փակագծերը բացելու: Հարցին՝ այսօր կարո՞ղ է այս հարցում պարզություն մտցնել, Քալաշյանը պատասխանեց․ - «Ոչ, չեմ կարող: Դա կախված է միմիայն իմ պաշտպանյալի շահերից»:
«Ազատության» հարցին՝ իր ելույթում Սամվել Բաբայանը որևէ քաղաքական հայտարարություն հնչեցրե՞լ է, փաստաբանը կարճ պատասխանեց՝ «ոչ»: Հիշեցմանը, թե ինքը նախկինում խուսափում էր նշել, Բաբայանը քաղաքական բանտարկյալ է, թե ոչ, փաստաբանը արձագանքեց․ - «Ես ոչ թե խուսափել եմ ասելուց այդ միտքը, այլ ես հստակ ասել եմ, նորից եմ պնդում՝ ես, որպես փաստաբան, այս հարցին նայում եմ քրեաիրավական հարթության մեջ: Ես դեռևս որևէ հիմք չունեմ քաղաքական տեսք տալու այս հարցին»:
Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր էր և ձերբակալվել էր մարտի 22-ին, անցած խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ: «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքը քաղաքական ենթատեքստ է տեսնում Բաբայանի ազատազրկման մեջ՝ նախկին նախարարի ձերբակալությունը որակելով իրենց դաշինքի դեմ ճնշումների շարունակություն և հայտարարելով, որ պայքարելու են նրան ազատելու համար: