Թուրքիայում նոր Սահմանադրության մի շարք կետեր ուղղված են զսպումների մեխանիզմները վերացնելուն. թուրքագետ

Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Վահրամ Տեր-Մաթևոսյանի խոսքով՝ Թուրքիայում կիրակի օրը կայացած սահմանադրական հանրաքվեով երկրի նախագահը ստանում է գործադիր նախագահին հարիր լիազորություններ։ Ըստ թուրքագետի, սա ամերիկյան, ֆրանսիական և ռուսական նախագահական համակարգերի սինթեզ է։

«Թուրքիայում 18 կետից բաղկացած սահմանադրական բարեփոխումների փաթեթն իր մեջ պարունակում է մի շարք կետեր, բայց դրանց առանցքը կառուցված է հետևյալ գաղափարի շուրջ, որ հանրապետության նախագահը ստանում է գործադիր նախագահին հարիր լիազորություններ, այսինքն՝ դա ամերիկյան, ֆրանսիական և ռուսական նախագահներին հարիր նախագահական համակարգ է՝ այս երեքի ինչ-որ մի սինթեզն է, գումարած դրան՝ Էրդողանի մեկնաբանումը՝ այնպես, ինչպես արտացոլել է սահմանադրական բարեփոխումներն այս փաթեթում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տեր-Մաթևոսյանը։

Թուրքագետը նշեց, որ, ըստ նոր Սահմանադրության՝ վերանում է վարչապետի պաշտոնը։ «Վարչապետի պաշտոնը 1923 թվականից ի վեր՝ հանրապետության հռչակումից ի վեր, եղել է այն կարևոր պաշտոնը, որ ղեկավարել է գործադիր իշխանությունը։ Երկու տարի հետո՝ 2019 թվականի նոյեմբերի ընտրություններով ամբողջությամբ ուժի մեջ կմտնի այս բարեփոխումների փաթեթը, այդ ժամանակվանից կվերանա վարչապետի պաշտոնը։ Նախագահը կնշանակի նախարարներին, ինչպես նաև կնշանակի փոխնախագահի կամ փոխնախագահների, որոնք պատասխանատու կլինեն առանձին ոլորտների համար», - ասաց Վահրամ Տեր-Մաթևոսյանը։

Թուրքագետի խոսքով՝ երկրի խորհրդարանում կավելանա նաև պատգամավորների թիվը՝ ներկայիս 550-ի փոխարեն հասնելով 600-ի։

«Պետք է նշել, որ 1982 թվականի Սահմանադրությունը երբ ընդունվեց, խորհրդարանն ուներ 400 պատգամավոր, հետո՝ 1987 թվականին դարձավ 450, 1995 թվականին սահմանադրական հանրաքվե տեղի ունեցավ, այն դարձավ 550, և այժմ, փաստորեն, 600 է։ Պատճառաբանությունը հետևյալն է, որ երկրի ազգաբնակչությունը մեծացել է, հետևաբար հարկավոր է, որ ավելացվի նաև պատգամավորների թիվը», - ասաց թուրքագետը։

Դատաիրավական համակարգում ևս, ըստ Վահրամ Տեր-Մաթևոսյանի, նախագահը ստանում է բացարձակ մեծամասնություն՝ Սահմանադրական դատարանում, դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդում նշանակումներ կատարելու իրավունք։

«Նախագահը իրավունք է ստանում ցրել խորհրդարանը, ներկայացված նախարարները հետայսու պարտադիր չէ, որ ստանան խորհրդարանի վստահության քվեն։ Եվ մի շարք այլ կետեր, որոնք ուղղված են մեկ բանի՝ հնարավորինս վերացնել հավասարակշռումների և զսպումների մեխանիզմը, որով Թուրքիայի ժողովրդավարությունը հայտնի է եղել տասնամյակներ շարունակ և ավելին՝ որպես մոդել ծառայել մի շարք իսլամադավան երկրների համար», - ասաց Վահրամ Տեր-Թադևոսյանը։