Թուրքական ընդդիմությունը վիճարկում է հանրաքվեի արդյունքները, իշխանությունը հաղթանակ է տոնում

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ երեկ տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներն իրական պատկերը չեն արտացոլում, քանի որ քաղաքացիների առնվազն 50 տոկոսը «ոչ» է ասել նոր Սահմանադրությանը:

Նախնական արդյունքների համաձայն, Թուրքիայի քաղաքացիների 51,4 տոկոսը քվեարկել է «այո»-ի, իսկ 48,6 տոկոսը՝ «ոչ»-ի օգտին: Հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների ավելի քան 85 տոկոսը` շուրջ 50 մլն քաղաքացի:

Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ պահանջելու են ձայների շուրջ 60 տոկոսի վերահաշվարկ: Ընդդիմության գլխավոր առարկությունը Գերագույն ընտրական հանձնաժողովի որոշումն է, որի համաձայն, ընտրական հանձնաժողովների կողմից չկնքված քվեաթերթիկները ևս վավեր են համարվել:

Ի պատասխան, Գերագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենը հայտարարել է, թե նման որոշում եղել է նաև նախորդ ընտրությունների ժամանակ, և արդար չէր լինի տեխնիկական անփութության պատճառով անվավեր ճանաչել քաղաքացիների ձայները:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` սահմանադրական հանրաքվեի վերջնական արդյունքները կամփոփվեն 11-12 օրից: Մինչ այդ, սահմանադրական փոփոխությունները նախաձեռնած՝ իշխող «Արդարություն և զարգացում», ինչպես նաև նոր Սահմանադրության կողմնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունները տոնում են իրենց հաղթանակը: Երեկ երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով իր համակիրների առաջ, հայտարարել է, թե ապրիլի 16-ը «ողջ Թուրքիայի հաղթանակն է»:

Թուրքիայի որոշ թերթերի գլխագրերն այսօր ևս ազդարարում են նոր Սահմանադրության հաղթանակը: «Յենի Շաֆաք», «Միլիյեթ» թերթերն «այո»-ի հաղթանակը Թուրքիայի հաղթանակն են համարում: «Հաբեր Թյուրքը» գրում է, թե հաղթել է Էրդողանը: Մինչդեռ՝ ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականը քվեարկության արդյունքները վիճելի է համարում: «Սաբահ» թերթն թլ այս հանրաքվեն «ժողովրդական հեղաշրջում» է որակում:

Արևմուտքը «մտահոգիչ» է համարում Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները: «Հանրաքվեն չէր համապատասխանում Եվրոպայի խորհրդի չափանիշներին»,- այսօր Անկարայում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Սեզար Ֆլորին Պրեդան: Միջազգային դիտորդների գնահատմամբ՝ հանրաքվեն անհավասար պայմաններում է անցկացվել, և լրատվամիջոցներն ավելի շատ տեղ են տվել «այո»-ի քարոզարշավին: Միջազգային դիտորդներն անընդունելի են համարել նաև Գերագույն ընտրական հանձնաժողովի` չկնքված քվեաթեթիկները վավեր ճանաչելու մասին՝ վերջին պահին կայացված որոշումը:

Այսօր երեկոյան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում անվտանգության խորհրդի, ապա և նախարարների խորհրդի նիստ է հրավիրել: Թուրքական մամուլը գրում է, թե այդ նիստերի ժամանակ քննարկվելու է հուլիսյան հեղաշրջման փորձից հետո երկրում գործող արտակարգ դրությունը երրորդ անգամ երկարաձգելու հարցը:

Էրդողանը երեկվա իր ելույթում խոսել է նաև մահապատժի վերականգնման հարցը կրկին օրակարգ բերելու մասին: Իսկ այսօր նրա հիմնադրած «Արդարություն զարգացում» կուսակցության ղեկավարությունը հայտարարել է, թե պատրաստվում են Էրդողանին հրավիրել՝ կրկին անդամակցել իր կուսակցությանը, ինչը նոր Սահմանադրությամբ արդեն թույլատրելի է: