8-ամյա տղան YouTube-ի միջոցով սովորել է մեքենա վարել և իր փոքր քրոջը տարել McDonald’s` ճաշելու

ԱՄՆ Օհայո նահանգում 8-ամյա մի տղա YouTube-ով սովորել է մեքենա վարել, այնուհետև հոր միկրոավտոբուսով իր 4-ամյա քրոջը տարել է մոտակա McDonald’s ռեստորան:

Huffington Post-ի փոխանցմամբ, երեխաները, ում անունները չեն հրապարակվում, գաղտագողի դուրս են եկել տնից կիրակի երեկոյան, այն բանից հետո, երբ նրանց ծնողները պառկել են քնելու:

Իրենց տնից մինչև ռեստորան մոտ մեկուկես մղոն (2,4կմ) ճանապարհը մանկահասակ վարորդը անցել է հաջողությամբ՝ հատելով մի քանի խաչմերուկ և գնացքի ռելսերը: Ավելին՝ երեխան ոչ մի խախտում թույլ չի տվել, մնացել է թույլատրելի արագության սահմաններում և հաջողությամբ կայանելով McDonald’s-ի մոտ՝ «չիզբուրգեր» է պատվիրել՝ դրա համար վճարելով իր խոզուկ-խնայդրամարկղից վերցրած մանրադրամով:

«Ռեստորանի աշխատակիցները կարծել են, թե երեխայի ծնողները մեքենայում են», - պատմել է Օհայոյի ոստիկանության ներկայացուցիչ Ջեյքոբ Կոհլերը:

Ռեստորանում ճաշելիս է եղել երեխայի ընտանիքի բարեկամներից մեկը, ով տեսնելով տեղի ունեցածը, զանգահարել է հարազատներին: Երեխաները տեղում կերել են իրենց համբուրգերը՝ մինչև անհանգստացած ծնողները կհասնեին ռեստորան՝ նրանց տուն տանելու:

«Ասոշիեյթեդ պրեսի» հետ զրույցում ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ տեղի ունեցածի կապակցությամբ որևէ մեղադրանք չի հարուցվել: Ջեյքոբ Կոհլերը տեղի ունեցածը որակել է «ուսանելի միջադեպ»:

«Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս սովորել ամեն ինչ», - նշել է ոստիկանը՝ շարունակելով․ - «Այդ երեխան մեքենա վարել է սովորել YouTube-ում տեսանյութեր դիտելով: Նա երևի մոտ 5 րոպե ուսումնասիրել է, թե դա ինչպես է արվում, ու հետո որոշել, որ արդեն կարելի է գնալ»: