Մեղավորները պետք է պատժվեն կալանավայրերում. նախկին օմբուդսմենը՝ սկանդալային ձայնագրության մասին

Կարեն Անդրեասյանը օմբուդսմենի պաշտոնում ասուլիս է տալիս, ապրիլ, 2014թ․

Ենթադրաբար ՍԱՍ Գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրությունը գլխավոր դատախազի հանձնարարությամբ այսօր ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով:

«Խիստ մտահոգիչ նյութի» հիման վրա քննություն սկսելու՝ դատախազի հայտարարությունը երեկ ողջունեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը: Ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածած հաղորդագրության մեջ դեսպանատունը կառավարությանը, կուսակցություններին ու քաղաքացիական հասարակությանը հորդորում է աշխատել միասին՝ գոյություն ունեցող կամ նոր իրավակիրառ մեխանիզմների միջոցով փարատելու այդ մտահոգությունները:

Հիշեցնելով՝ խորհրդարանական ընտրություններից հետո ԱՄՆ-ի և միջազգային կառույցների հայտարարություններում նշվում էր, որ ընտրական գործընթացների վրա բիծ են թողել քվեներ գնելու և ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին արժանահավատ հաղորդումները, դեսպանատունը նաև ընդգծում է, որ այս բնույթի արժանահավատ ու թափանցիկ քննությունները համահունչ են փետրվարի 9-ին վարչական ռեսուրսի օգտագործման դեմ վարչապետի հնչեցրած նախազգուշացմանը:

«Մենք հավատացած ենք, որ կառավարությունը կապահովի, որպեսզի չլինեն հակընդդեմ մեղադրանքներ կամ հաշվեհարդար որևէ անձի կամ կազմակերպության դեմ, որը քննության կներկայացնի արժանահավատ տեղեկություններ», - նշված է ԱՄՆ դեսպանատան գրառման մեջ:

Հիշեցնենք՝ երկու օր առաջ հրապարակված և զանգվածային լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում մեծ աղմուկ հանած ձայնագրությունում մի տղամարդ ՍԱՍ Գրուպի աշխատակիցներին հորդորում է ձայներ բերել Հանրապետականի ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի համար, հակառակ դեպքում սպառնալով նրանց ազատել աշխատանքից:

«200 հոգով դու բերել ես 53 ձայն: Քո հարցը էն տիպի ա դրած, մանավանդ քո՛ հարցը, որ եթե էդ պատկերը իրեք օրվա մեջ, չորս օրվա մեջ էս նույնը էղավ, դու պռոստը քեզ բարի ճանապարհ ենք ասելու», - հայտարարում է տղամարդը՝ դիմելով ժողովի մասնակիցներից մեկին:

«Մազերդ տենց սիրուն ներկել ես, տո մի զուգվել-զարդարվել ես, գիտես՝ պտի էսօր քեզի բան անենք, հա՞, մեծարման երեկո՝ զրո ձայներիդ համար, հա՞: Ամոթ չե՞ս անում, Սիրանո՛ւշ: Ա՛յ էս քո զրոն, որ քո անունի դիմաց դրած ա, մի՛ կարծի, որ էսի անցավ-գնաց: Եթե դու է՛դ ձևի ես վերաբերվում մեզ, ուրեմն՝ մենք էլ քեզ հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք», - ասում է տղամարդը ժողովի մեկ այլ մասնակցի:

«Քառասունչորսը ձայն», - «ձայն բերողներից» մեկին ասում է տղամարդը, և նրա խոսքն ընդհատվում է ծափահարություններով, - «Ընտրությունները մի հատ լավ տժժցնում ես, Փարիզի ուղեգիրը վեկալում ես, էթում, ֆռում գալիս ես, ու պաշտոնդ քեզ ա սպասում, էղա՞վ»:

«Էդ քո կարծիքով որ շլյապա ես դրել՝ պետք ա չտենամ, հա՞, որ զրո ձայն ես բերել: <․․․> Էդ ո՞նց ա՝ Անուշը կարող ա բերի, բայց ստեղ, ասենք, օրինակ՝ Աշոտ Աղախանյան՝ խի՞ չես բերել ձայն: Արաբկիրում ունես ընգեր՝ ընչի՞ չես բերում իրա ձայնը: Ուրեմն, եթե ասես՝ «չունեմ», ուրեմն՝ դու սուտ ես ասում, ես կքթնեմ քո ծանոթներին Արաբկիրում՝ էդ վախտ ձեռիցս չես պրծնի», - հայտարարում է տղամարդը: - «Ասենք, քյալամ-վարունգ բերելով չի, ախպե՛ր ջան, պտի նաև ձեն ապահովես, չէ՞: <․․․> Էտի ամենահեշտ պատասխանն ա՝ «ռայոնից եմ», կեթա՛ս, վիզ կդնե՛ս, կբերես, թե չէ քո տեղի վրա 100 հոգի մարդ կա, որ կարա գա վաղվանից աշխատի»:

Կոպտագույնս խախտվել են աշխատողների իրավունքները, վստահ են Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպանները:

Նախկին օմբուդմեն Կարեն Անդրեասյանը պնդում է՝ քրեական հանցագործություն է մարդուն այսպիսի ահաբեկումներով դրդել քվեարկել ու ձայն բերել:

«Կարծում եմ՝ եթե մարդիկ հավատային, որ դիմեին, օրինակ, իրավապահ մարմիններին, և կլիներ արդարացի քննություն, ոմանք նույնիսկ հերոսաբար կարող էին և զոհաբերել իրենց աշխատանքը: Բայց մարդիկ վերջին տասնյակ տարիներին համոզվել են, որ չարժի սեփական գործը, կյանքը, առողջությունը վտանգել, փորձել պաշտպանել երկրում արդարությունը կամ ընտրական իրավունքը, վերջում նորից ստանալ մեր իրավապահ մարմինների կողմնակալ, իշխանամետ, մշտապես էդպես ոչ օբյեկտիվ քննությունները», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց Անդրեասյանը:

Մեղավորները պետք է պատժվեն կալանավայրերում, ավելացրեց նախկին օմբուդսմենը, ընդգծելով՝ եթե պարզվի, որ պատգամավորը իմացել կամ մասնակցել է այս գործողություններին, մանդատից զրկվելուց բացի՝ նա նույնպես պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:

«Հավատո՞ւմ եք, որ եթե այդ ամենն ապացուցվի, մեր իրականությունում մենք նման պատմության կարող ենք ականատես լինել՝ մեր իրավական համակարգում», - այս հարցին Կարեն Անդրեասյանն արձագանքեց․ - «Իհարկե, չեմ հավատում, և այն, ինչ ես ասեցի, դա դասագրքային ճշմարտություն է և շատ հեռու մեր այսօրվա իրողություններից»:

Առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյան, արխիվ

Բռնություն է իրականացվել աշխատողների նկատմամբ, կարծում է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: «Ազատության» հետ զրույցում նա ափսոսանք հայտնեց, որ այսօր հասարակության զգալի մասը չունի այնքան քաջություն հոգեբանական այդ ճնշման դեմ ընդվզելու համար:

«Հասարակությունը պետք է իր խոսքը ասի, որովհետև դա պետք է վերջապես հասնի նրան, որ և՛ քաղաքացին, և՛ աշխատողը կարողանա դրա մասին անմիջապես արձագանքել», - ընդգծեց Ալավերդյանը:

Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

«Մտահոգիչ են ձայնագրության մեջ առկա հարկադրանքի ու սպառնալիքի դրսևորումները, որոնք կապվում են քաղաքացիների ընտրական իրավունքների իրացման ու նրանց նկատմամբ ճնշման հետ», - այսօր տարածած հաղորդագրությունում հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ քրեական ընթացակարգի շրջանակում պետք է այս հարցում երաշխավորել նաև ձայնագրության մեջ առկա անձանց պաշտպանությունը:

Օմբուդսմենը վստահեցնում է, որ իր իրավասության սահմաններում կձեռնարկի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ՝ երաշխավորելով Պաշտպանին այդ հարցով հնարավոր դիմողների գաղտնիությունը: