ԵԽ դիտորդական խմբի ղեկավար․ «Բանտերում ու հոգեբուժարաններում ընտրությունների ընթացքը մտահոգիչ է»

Հեյդի Հաութալա

Շաբաթվա սկզբին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր՝ Հայաստանում Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակության ղեկավար Հեյդի Հաութալան, անդրադառնալով ապրիլի 2-ի ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրախախտումներին, նշել էր, որ հոգեբուժարաններում մի շարք խախտումներ են արձանագրել:

«Դժբախտաբար, պետք է նշեմ, որ ընտրությունների օրը մեր արած դիտարկումները ոչ միշտ էին դրական: Մեր ամենտախուր դիտարկումը հոգեբուժարանում գտնվող հիվանդների քվեարկությանն էր վերաբերում: Մենք հստակորեն տեսանք՝ բժիշկները և ընտրական հանձնաժողովի անդամներն ամեն ինչ արեցին, որ հիվանդները քվեարկեն մեկ կուսակցության և մեկ տարածքային թեկնածուի օգտին»,- ասել էր Հեյդի Հաութալան:

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր նույնպես անդրադարձել է հոգեբուժարաններում կայացած քվեարկության արդյունքներին՝ չմասնավորեցնելով, թե որ հոգեբուժարանի մասին է խոսքը: Նրա ընդգծմամբ, «դրանցից մեկում» 100 տոկոսով քվեարկել են ՀՀԿ-ի օգտին: «Հոգեբուժարանում Հանրապետականին քվեարկել են 100 տոկոսով, բոլոր հոգեկան հիվանդները 100 տոկոսով քվեարկել են իշխանության համար: Եվ սա իմ թվերը չի, սա ԵԽ-ի դիտորդական առաքելության ղեկավարի արձանագրումն է»,- ասաց Մանուկյանը:

Պատասխանելով Արամ Մանուկյանի այս հայտարարությանը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն «Ազատությանը» փոխանցեց․ «Քանի որ այդ հայտարարությունը հնչել է քաղաքական այն ուժի ներկայացուցչի կողմից, որ դիմում են ներկայացնելու ՍԴ ՝ ենթադրվում է, որ այդ հանգամանքն էլ կներկայացվի: Այդ դեպքում ԿԸՀ-ն ՍԴ-ում պատասխանողի դերում կլինի ու կտա իր հիմնավորված դիրքորոշումը: Իսկ եթե դա որպես հանգամանք չներկայացնեն ՍԴ, ապա, ըստ անհրաժեշտության, ԿԸՀ-ն կանդրադառնա ու կմենեկանբանի»:

Ի դեպ՝ ապրիլի 2-ին «Ազատության» թղթակիցն այցելել էր նաև Սևանի հոգեբուժարան: Տնօրենը, սակայն, արգելեց տեսախցիկով ներս մտնել, պնդելով՝ սա փակ հիմնարկ է: Հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանն այսօր «Ազատությունից» տեղեկանալով եվրոպացի դիտորդի՝ վերոհիշյալ գնահատականներին, հրաժարվեց մեկնաբանություններից:

Հոգեբուժարաններում և մի շարք այլ փակ հաստատություններում ընտրողների համար քվեարկությունը կազմակերպվում է ներսում՝ շրջիկ արկղերի միջոցով: Քվեարկությունից հետո արկղը կցվում է տեղամասերից մեկին՝ գումարվելով ընդհանուր արդյունքներին: Սևանի հոգեբուժարանի շրջիկ արկղն ուղարկվել է նույն համայնքի 20/10 ընտրատեղամաս, որտեղի վերջնարդյունքով 912 ընտրողներից կեսից ավելին՝ 564-ը, քվեարկել է ՀՀԿ-ի օգտին:

Թե հոգեբուժարանի 374 ընտրողներից քանիսը և որ կուսակցության օգտին են քվեարկել, այդ տվյալներն առանձնաբար չեն հրապարակվել: «Նորք» հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Միրիջանյանին նույնպես փոխանցեցինք եվրոպացի դիտորդի հայտարարությունը: Նա էլ հրաժարվեց պատասխանել հարցերին, նշելով՝ «դա իր լիազորությունից դուրս է»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ հենց նման փակ հաստատություններում է ընտրության ընթացքն անվերահսկելի: Դրանցից, օրինակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ ուղարկված իրենց դիտորդի մուտքն արգելվել է, ով նաև բանտերը դիտարկող դիտորդական խմբի անդամ է եղել: Մինչդեռ այդ խմբի անդամը ՔԿՀ-ներ անարգել մուտքի իրավունք ունի: «Պառճառաբանել են, որ իրենք ցուցակում չկան, պետք է նախապես գրվեին և այլն, սա բավականին խնդրահարույց է, որովհետև ՔԿՀ-ներում ընտրություններն առավել ռիսկային են, այնտեղ դիտարկման ավելի մեծ կարիք կա: Նույնը վերաբերում է և հոգեբուժական հաստատություններին»,- ասաց Իոաննիսյանը:

Նրա խոսքով՝ փակ հիմնարկների ընտրողներին ուղղորդելն ավելի հեշտ է, որովհետև այնտեղ դիտորդներ ու վստահված անձինք քիչ են լինում, նկարահանումներն էլ, որպես կանոն, արգելվում են: Ըստ նրա, մտահոգիչ է, մասնավորապես, այն, որ շրջիկ արկղի տվյալներն առանձին չեն հրապարակվում․ «Մի գուցե այն բանի համար, որ արդյունքներով չերևա տարբերվող արդյունքերի արտահայտվածությունը»: