Այնթապցիները պատգամավոր Մուրադ Մուրադյանին մեղադրում են դպրոցի ավտոբուսը հանել տալու մեջ

Արարատի մարզի Այնթապ գյուղի աշակերտներն այսօր դպրոցի փոխարեն բողոքի երթով գյուղապետարան գնացին: Արդեն երեք օր է՝ գյուղի ծայրամասերից նրանց դպրոց տանող ավտոբուսը չի գործում։

Երեխաների ծնողները պնդում են, որ Հանրապետական Մուրադ Մուրադյանը, ով մարզից ընտրված Հանրապետական պատգամավորն է, բավարար ձայներ չի ստացել Այնթապից և որոշել է հետընտրական հաշվեհարդար տեսնել։

«Մուրադյանը երեք հազար ձայն պետք է հավաքեր․․․ մի փոքր ծախս են արել իրանց ձայների քվեի համար, դժգոհություն է հայտնել և դպրոցի հատկացված ավտոբուսը հանել է ֆոնդից», - պնդեց ծնողներից մեկը:

«Վերևից հանել են: Վերևից ո՞վ ա հանողը՝ ով որ հանել ա, համայնքապետին ասել ա վերևից՝ թող հիմա տրամադրեն, մեր էրեխեքը էթան, չէ՝ մեր էրեխեքը դպրոց չեն էթա», - նշեց մյուսը:

«Հիմա էլ ասում են՝ դուք «Բարգավաճ» եք ընտրել, դուք ըսենց, դուք ընենց․․․ չի կարելի, ժողովրդին պետք չի վախեցնել», - վրա բերեց մյուսը:

Ավտոբուսից օգտվում էր մոտ 40-50 աշակերտ։ Հիմա նրանք ստիպված են 3-4 կիլոմետր քայլել ցեխոտ փողոցներով, թափառող շների ուղեկցությամբ, դպրոց հասնելուն պես էլ, ասում են, ուսուցիչների հանդիմանությանն են արժանանում:

Գյուղապետ Կարեն Սարգսյանն ընդունեց երեխաների բողոքի ցույցին մասնակցող ծնողներին, ասաց, թե ավտոբուսն իր սեփական միջոցներով է ֆինանսավորել, հիմա էլ փող չունի:

«Էտի անում ա ամիսը 300 հազար դրամ, էդ մի ավտոբուսը, որ պահում ենք: Անձնական բիզնեսից ենք անում», - նշեց գյուղապետը:

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ անմիջապես ընտրությունների հետո որոշվեց հանել ավտոբուսը, գյուղապետը պատասխանեց․ - «Որովհետև գումարը պրծավ, էլ չենք կարում պահենք»:

Գյուղի բյուջեում վարորդի աշխատավարձը ևս ներառված է։ «Ազատության» ճշտող հարցին, թե այդ դեպքում ինքը ինչի՞ համար է սեփական միջոցներից 300 հազար դրամ վճարում, գյուղապետը պատասխանեց՝ «անձնականից գազն եմ տալիս»:

Կարեն Սարգսյանը խորհուրդ տվեց ծնողներին ավտոբուս պահանջել դպրոցի տնօրենից։ Տնօրեն Լիլիա Շահբազյանն էլ ասաց՝ դպրոցը բավարար միջոցներ չունի։

Վերընտրված պատգամավոր Մուրադ Մուրադյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ինքն ավտոբուսի հետ որևէ կապ չունի․ - «Ես ոչ մի տեղ ավտոբուս ոչ դրել եմ, ոչ էլ հանել եմ: Ըտենց սրիկայություններ ինձ մի կպցրեք: Իմ հինգ թոռը դպրոց են գնում, ես պիտի թույլ տամ, որ ինչ-որ երեխեքի դպրոցի ավտոբուս հանե՞ն: Էդ էր մնացել»: