«Բոլոր ռումբերի մայրը» ոչնչացրել է իսլամիստների պաշտպանական համալիրը

«Բոլոր ռումբերի մայրը» փորձարկվել է 2003 թվականին, արխիվ: Reuters:

Պենտոգոնը առաջին անգամ կիրառել է ամենահզոր ոչ միջուկային ռումբը:

Ապրիլի 13-ին Աֆղանստանում՝ Պակիստանի սահմանի մոտ գտնվող Նանգարհարի նահանգի երկնքում տեղական ժամանակով առավոտյան 7-ն անց 30-ին հայտնվել է MC-130 տեսակի ամերիկյան ռազմական բեռնատար օդանավը, որից անջատվել և է դեպի լեռնային մակերես է սլացել մոտ 10-ը տոննա քաշ ունեցող GBU-43/B հսկայական ռումբը:

Երկու րոպե անց աներևակայելի հզոր պայթյունը ցնցել է Աչինի շրջանը և ոչնչացրել ժայռերում իսլամիստների փորած պաշտպանական համալիրը:

Ռումբի հապավումն է MOAB՝ Massive Ordnance Air Blast Bomb, ինչը, թերևս, կարելի է թարգմանել որպես գերծանր պայթուցիկով ռումբ:

Խոսքն ամերիկացիների կողմից պատմության ընթացքում առաջին անգամ կիրառված ամենահզոր ոչ միջուկային զենքի մասին է, դրա համար էլ զինվորականները MOAB հապավումը մեկնաբանում են որպես «mother of all bombs» («բոլոր ռումբերի մայրը»):

Նախագահ Դոնալդ Թրամփը գոհունակությամբ է խոսել զինվորականների անցկացրած գործողության մասին:

«Շատ-շատ հպարտ եմ այդ մարդկանցով: Շատ լավ աշխատանք էր, մենք իսկապես շատ հպարտ ենք մեր զինվորականներով, ինչպես հպարտ ենք այս սենյակում ներկա մարդկանցով, այնպես էլ՝ մեր զինվորականներով, հիրավի, ևս մեկ հաջողված գործողություն»,- ասել է Թրամփը:

Այդ հարվածից օրեր առաջ Նանգարհարի նահանգում «Իսլամական պետության» ջոկատի դեմ պայքարում զոհվել է ամերիկյան հատուկ նշանակության գումարտակի զինվորներից մեկը:

«Բոլոր ռումբերի մայրը» ոչնչացրել է թունելներով միմյանց կապված քարանձավների համակարգը, որն «Իսլամական պետության» ջոկատներն օգտագործել են զենք ու զինամթերք կուտակելու, ամերիկացի մասնագետների և Աֆղանստանի պետական բանակի վրա կայծակնային գրոհներ նախաձեռնելու և օդային հարձակումների ընթացքում պատսպարվելու համար:

«Բոլորը հստակ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել: Իմ գործը զինվորականներիս հրաման տալն է, մենք ունենք աշխարհի ամենահզոր բանակը և նրանք, ինչպես միշտ, իրենց աշխատանքն են կատարել»,- ասել է Թրամփը:

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Պենտագոնը Քաբուլի համաձայնությամբ է իրականացրել գրոհը: Հարվածի հետևանքով սպանվել է առնվազն 36 իսլամիստ: Ամեն բան արվել է քաղաքացիական բնակչությանը վնաս չհասցնելու համար:

MOAB տեսակի մեկ ռումբի գինը 16 միլիոն դոլար է: Ամերիկացի մասնագետներն այն ստեղծել և առաջին անգամ փորձարկել են 2003 թվականին: Նրանք այդ ռումբերից մի միավոր ուղարկել են Իրաք, բայց ոչ մի անգամ չեն կիրառել:

Ի դեպ, MOAB-ն ամերիկյան ամենածանր ռումբը չէ, Պենտագոնն ունի նաև MOP՝ Massive Ordnance Penetrator, գերծանր պայթուցիկով ներթափանցող ռումբ, որի քաշը 13 տոննա 600 կիլոգրամ է:

Գերամուր պատյանով պաշտպանված ռումբը՝ նախքան պայթելը, կարող է անցնել մոտ 20 մետր բետոնե ծածկը, խորանալ մինչև 60 մետր, դրա թիրախը մեծ խորության վրա գտնվող բունկերներն են: Ավերիչ ուժի առումով, այնուամենայնիվ, «բոլոր ռումբերի մայրն» ավելի հզոր է:

Երկուսն էլ՝ MOAB-ը և MOP-ը թիրախները գտնում են GPS-ի՝ համաշխարհային տեղորոշման համակարգի միջոցով: